«3+3», իսկ ավելի ճիշտ՝ «3+2»-, իսկ ավելի ճիշտ՝ «3+1» -ի Մոսկվայում անցկացված անդրանիկ նիստին ժլատ տեղեկատվություն հաղորդվեց։ Ոչինչ չասող, խիստ ընդհանրական ձևակերպումներ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Իրան, ՌԴ արտգործնախարարների ու փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպման օրակարգի վերաբերյալ․վստահության մակարդակի բարձրացում, փոխգործակցություն առեւտրա-տնտեսական, տրանսպորտային եւ հումանիտար-մշակութային ոլորտներում  և «ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմագրավում»։

Եվ, ով ճակատագրի հեգնանք, ի դեպ, սա այն դեպքում, երբ փաստացի այդ ձևաչափի 2 անդամը թե՛ մարտահրավեր, և թե՛ սպառնալիք է մյուս անդամին՝ Հայաստանին, որը ներկայացնում էր փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը։ Վրաստանի համար, որը բավականաչափ քաջություն և ինքնիշխանություն ունեցավ՝ իր սկզբունքային դիրքորոշումը պնդելու և հայտարարարելու, որ ՌԴ-ի հետ, որը օկուպացրել է Աբխազիան ու Հարավային Օսիան, իրենք որևէ հարթակներում լինելու «չունեն», նիստի ժամանակ հայտարարվել է, թե դուռը բաց են թողնում։

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն առաջարկում է՝ պետք չէ, թող փակեն այդ դուռը։ «Որովհետև Վրաստանի համար լրիվ անիմաստ է սույն ձևաչափին մասնակցելը։  Ինչու, որովհետև ինքներդ դիտարկեք և դատեք նրանից, թե ինչ կա։ Սա, փաստացի սիրիական ձևաչափն է։ Իսկ այն, հիշեցնենք, ռազմական հակամարտության լուծման ձևաչափ է։ Իսկ եթե մենք հարցնում ենք, թե այդ ինչ ռազմական հակամարտություն պետք է լուծի, ապա ակնհայտ է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է, և չեմ կարծում, որ այս ձևաչափի շրջանակներում Թուրքիան ու Ռուսաստանը քննարկելու են իրենց երկողմ հարաբերությունները։ Ինչպես նաև Թեհրանն ու ՌԴ- ն։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, ՌԴ-ի ու մեր ռազմական հակամարտությանը լուծում տա՞լ․․․ դե, որքան էլ դա կարևոր է, բայց կարող եմ փաստել, որ մենք ունենք մի քանի բանակցոթյունների փորձ, որը կարող եմ ասել՝ հույժ անարդյունավետ էր։ Եվ չեմ կարծում, որ այս ձևաչափն ավելի արդյունավետ կլինի՝ հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը։ Դրա համար էլ՝  «3+2»։ Իսկ մնացածն արդեն դրան մասնակից երկրներից յուրաքանչյուրի ինքնիշան իրավունքն է»։

Վրաստանը, փաստորեն, հրաժարվում է մի ձևաչափում լինել երկրի հետ, որի հետ 2008թ․ 4 օրով պատերազմել են (թեպետ հայտարարում են, որ ՌԴ-ն օկուպացրել է իրենց երկրի մի մասը) , իսկ Հայաստանը մասնակցում է՝ չնայած 44-օրյա պատերազմին, Արցախի տարածքների 75 տոկոսի կորստին, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգումներին։ Այս պահին էլ գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն հարաբերությունների մեջ։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Վասաձեն ուղղեց՝ «պատերազմ»։ «Ոչ պատերազմը, ոչ խաղաղությունը սխալ ձևակերպում է, դուք պատերազմի մեջ եք Ադրբեջանի հետ և սա փաստ է»։

Ինչ վերաբերում է առաջին նիստի անհասկանալի և տարածական օրակարգին, ապա վրաց քաղագետն ասում է՝ փաստորեն, այդ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը կարելի է խցկել այդ օրակարգ։ «Այս օրակարագը խոսում է այն մասին, որ նրանք ասում են՝ մենք խոսելու ենք ամեն ինչի մասին, մեր միջև առկա բոլոր խնդիրներից»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն