«Եթե նա հրապարակային ներողություն խնդրի, պատրաստ եմ հաշտության»․ Խաժակյանն ու Սամսոնյանը կառերեսվեն
Նարեկ Սամսոնյանին այսօր առավոտյան մի քանի ոստիկաններով իր տան բակից բերման ենթարկեցին ոստիկանություն։ Պատճառը, ինչպես հասկացանք, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանին հայհոյելու համար հարուցված քրեական գործն է։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դեպքից հետո իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ «ինչ-որ մեկը (նկատի ունի Դավիթ Խաժակյանին․-խմբ) Սամսոնյանի դեմ հաղորդում է տվել հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով, դրանից հետո քննիչը զանգահարել է Սամսոնյանին և պայմանավորվել, որ նա ներկայանա հարցաքննության, նա այսօր տանից դուրս է գալիս, որ գնա քննչական՝ հարցաքննության, սակայն նրան տան բակից մի քանի ոստիկաններով ցուցադրական ձևով բռնում ու բերման են ենթարկում։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի քանի օր առաջ Նարեկ Սամսոնյանը Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հասցեին՝ նրան անվանելով քաղաքական տրանսսեքսուալ։
Դրան հաջորդեց ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանի գրառումը՝ ուղղված Նարեկ Սամսոնյանին, թե վերջինս անգամ քաղաքական աղբանոցում տեղ չունի։ «Զարմանալի չէ նաև, որ Միքայել Մինասյանը դադարեցրել է Նարեկին «լափ» տալը և երիտասարդը հիմա այլ լափաման է փնտրում»,-գրել էր Գորգիսյանը։ Նրա գրառումը իր էջում կիսվել էր նույն կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ Սամսոսնյանին նշելով ու հարց ուղղելով նրան․ «Միշտ զարմացել եմ, թե այդ քաղաքական տհասին որպես ի՞նչ են վարձատրել: Նարեկ Սամսոնյան, կարո՞ղ ա իմանաս»:
Սրա տակ քոմենթակռիվ է ծավալվել։ Խաժակյանը Սամսոնյանին անվանել էր «քաղաքական բեզաչյոտնիկ», Սամսոնյանն էլ ի պատասխան՝ սկսել էր հայհոյել Խաժակյանին։
Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ քոմենթակռվից հետո իր հետ կապ է հաստատել Սամսոնյանի ընկերներից մեկն ու առաջարկել հանդիպել, զրուցել, հաշտության գալ։ Հանդիպել են, ներկա են գտնվել Խաժակյանը, Սամսոնյանը, նրա ընկերն ու իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հանդիպման արդյունքում այն, ինչ մենք պայմանավորվել էինք, պիտի հրապարակվի տեքստ, որտեղ արտացոլվի, որ ինքը (Նարեկ Սամսոնյանը) այլևս իրեն էդպես չի պահելու, ինքը հրաժարվում է, ասում է՝ ես չեմ կարող երաշխավորել, որ ես քեզ այլևս չեմ վիրավորի»,-ասաց Խաժակյանը։
Դրանից հետո Դավիթ Խաժակյանը հաղորդում է տալիս ոստիկանությանը Նարեկ Սամսոնյանի կողմից իրեն վիրավորելու դեպքի առթիվ։ Դրանից հետո Սամսոնյանը շարունակում է հայհոյել Խաժակյանին։ Մասնավորապես, նա երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Դավիթ Խաժակյանը ոստիկանությունում հաղորդում է տվել իր դեմ՝ դարձյալ նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։ Այսօր նրան այդ գործով ձերբակալեցին։
Դավիթ Խաժակյանը մեզ ասաց, որ ինքն այսօր ոստիկանությունում հարցաքնության ենթարկվել է, իսկ այսօր ավելի ուշ նաև առերեսում է նախատեսված իր և Նարեկ Սամսոնյանի միջև։
Մեր հարցին՝ ճի՞շտ չէր լինի, արդյոք, ոստիկանությունում հաղաորդում տալու փոխարեն այդ հայհոյանքների պատասխանը Սամսոնյանից ստանալ այլ հարթության մեջ, Խաժակյանն ասաց․ «Այլ հարթության մեջ ասելով՝ եթե նկատի ունեք՝ գնալ, ծեծել, ապտակել կամ այլ ֆիզիկական ուժ գործադրել, ապա ես կարծում եմ՝ քաղաքական գործիչը նման բան անելու իրավունք չունի։ Եւ նույնիսկ, եթե որևէ մեկը նման բան անի, հետո ինքն է ենթարկվելու իրավական պատասխանատվության։ Հայհոյախոսությունը քաղաքականության մեջ պետք է բացառել, ինչպես պետք է բացառել նաև ուժի միջոցով հարց լուծելը։ Եթե մարդիկ չունեն այնքան պարկեշտություն, որպեսզի կարողանան քաղաքական բանավեճ ծավալել, ապա իրենք քաղաքականությամբ չպետք է զբաղվեն»։
Իսկ պատրա՞տ է Սամսոնյանի հետ գնալ հաշտության և բողոքը հետ վերցնել, եթե նման առաջարկ լինի, Դավիթ Խաժակյանն ասաց․ «Եթե նա հրապարակային ներողություն խնդրի թե՛ ինձնից, թե՛ Էդմոն Մարուքյանից, իհարկե, պատրաստ եմ»։
Խոսեցինք նաև Ռուբեն Մելիքյանի հետ։ Նա մեզ ասաց, որ Սամսոնյանը այս պահին ունի «բերման ենթարկվածի կարգավիճակ», թեև տարբեր հրապարակումներում նշել էին, թե Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են։ Այս պահին իրենք գնում են քննչական՝ հարցաքննության։
Hraparak.am