Թուրքիայի հետ բանակցող հանձնատարի անունը դեռ որոշված չէ․ Էդուարդ Աղաջանյան
Հայկական կողմը որևէ բանից չի հրաժարվում, խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկիզբ դնելու մասին է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Սա, պատգամավորի խոսքով, չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային պետական շահերից, այլ ընդհակառակը, մեր շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։ Ինչպես ասաց Աղաջանյանը՝ հանձնակատարի անունը որոշված չէ։
Մեկնաբանելով այսօր «Հայստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի համեմատությունն այն մասին, թե չեն բարեկամանում այն հարևանի հետ, որն ուզում է սպանել ու ոչնչացնել քեզ, Աղաջանյանն ասաց, որ ցավում է, որ դաշնակցական գործընկերները քաղաքական գործընթացները նման «տրիվյալ» ձևով են պատկերացնում։
Նա նշեց, որ այս հարաբերությունների առավելություններն այնքան շատ են Հայաստանի համար, որ դրանք մեկ ասուլիսի ժամանակ հնարավոր չէ թվարկել։ Պատգամավորը խնդրեց դավադրություն չփնտրել այն բանի մեջ, որ այդ հայտարարությունը հենց հիմա է արվել։ Գործընթացը սկսվել է ինչ-որ պահի, տևել է որոշ ժամանակ և ինչ-որ պահի Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է այդ մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակում հարաբերությունների կարգավորման համար։ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձ հատուկ ներկայացուցիչ կնշանակենք», – ասել էր Չավուշօղլուն։ Նշվում է, որ Թուրքիան և Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։
Armeniatoday.news