Ես միշտ համաձայն եմ եղել, որ նորմալանան մեր հարաբերությունները մեր հարևանների հետ․ Ժիրայր Լիպարիտյան
Ես միշտ համաձայն եմ եղել, որ մեր հարևանների հետ մեր հարաբերությունները նորմալանան։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։
Կառավարության մշակած ռազմավարության վերաբերյալ Լիպարիտյանն ասաց․«Իսկ ինչ էիք ակնկալում, մարդիկ, որոնք իրատեսությամբ չեն ուզում մոտենալ, ցնորքներով են ուզում ապրել կամ երազներով, ինչ պետք է մտածեին այդ սպիտակ թղթի մասին, որը մտածելով քաղաքականություն վարելու հրավեր է»։
Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ըստ որի՝ «ինչ հարաբերություններ հաստատել մի հարևանի հետ, որն ուզում է քեզ ոչնչացնել», Ժիրայր Լիպարիտյանը պատասխանեց. «Արծվիկ Մինասյանն ապրել է Հայաստանում, մորթվե՞լ է, 30 տարի ասում է, որ մորթվելու ենք։ Դուք իմ վերջին գիրքը կարդացեք, այնտեղ են պատասխանները»:
Դիտարկմանը՝ պատրա՞ստ է ԱՄՆ-ից գալ և բնակվել Հայաստանում այն դեպքում, երբ պատրաստվում են թրքահայաստան ստեղծել, Լիպարիտյանը պատասխանեց. «Այդ տեսակ հարցադրումները գալիս են այն մարդկանցից, ովքեր, ըստ էության, իմ փաստարկների հետ չեն խոսում, այդ փաստարկները նկատի չունեն։ Այդ տեսակ հայհոյանք, հռետորական հարցերը գալիս են այն մարդկանցից, որոնք պատրաստ չեն քննարկելու իմ ասածները»։
Նա հայտարարեց, որ Հայաստանի համար Թուրքիայից և Ադրբեջանից վտանգ չի տեսնում, և խորհուրդ տվեց կարդալ իր գիրքը, որտեղ, ըստ նրա՝ հնարավոր է գտնել բոլոր հարցերի պատասխանները։
Tert.am