Հայաստանը մեծ դեր է խաղում 3-րդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերն ընդլայնելու գործում. Սերգեյ Կոպիրկին
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման և ԵԱՏՄ-ի ընդլայնման արդիականությունը առավել քան ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են անդամ երկրների փոխհարաբերություններին և տարածաշրջանային իրողություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի ընթացքում ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միության 7 տարվա գործունեության և կառույցին Հայաստանի անդամակցության 7-ամյակի մասին:
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, Հայաստանը և մյուս անդամ պետությունները սերտորեն համագործակցում են ԵԱՏՄ-ում, և, քանի որ մենք հիմա Երևանում ենք, կուզեի հատուկ շեշտել հայկական կողմի կառուցողական, շահագրգռված մոտեցումը ինտեգրման զարգացման հարցերում: Հայաստանը մեծ դեր է խաղում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի կապերի ընդլայնման գործում», – նշեց Ռուսաստանի դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Եվրասիական միության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը դրա աշխարհագրության ընդլայնումն է երրորդ երկրների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ կապերի հաստատման միջոցով:
Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ին անդամակցում է 5 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ են ստացել Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան, ևս 5 պետության՝ Չինաստանի, Իրանի, Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ ստորագրվել են տարբեր խորության առևտրային համաձայնագրեր:
Դեսպան Կոպիրկինը այդ համատեքստում հիշեցրեց, որ Երևանում 2019 թ. հոկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում էին նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները:
ԵԱՏՄ-ից Հայաստանի ստացած տնտեսական օգուտները, ըստ դեսպանի, նույնպես ակնհայտ են: Դրա մասին է վկայում ԵԱՏՄ-ի մյուս անդամ պետությունների հետ Հայաստանի փոխադարձ առևտրի աճը:
«Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ծավալները ԵԱՏՄ երկրներ ավելացել են գրեթե 30 տոկոսով, ընդ որում աճը գրանցվել է բոլոր գործընկերների հետ», – հաղորդեց Ռուսաստանի դեսպանը:
Shantnews.am