Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեիի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հետ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ:
Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը և երկուստեք կարևորել համատեղ ջանքերի կենտրոնացումը հնարավորինս սեղմ ժամկետում դրանց մեկնարկն ապահովելու ուղղությամբ:
Փոխվարչապետը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է առանձին ուղենիշերի ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները: Կողմերը երկուստեք կարևորել են ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Տնտեսական և ներդրումային պլանի ներքո նախագծերի շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ ընթացիկ քննարկումներին, որոնք վերաբերում են ճանապարհային և թվային ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի զարգացմանն ու կրթության հասանելիության բարձրացմանը:
Քննարկվել են նաև երկկողմ նոր բազմամյա համագործակցության շրջանակի հաստատման արդյունքում նախատեսված համագործակցության հիմնական ուղղությունները:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առանձնահատուկ կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը: Փոխվարչապետն այս համատեքստում ընդգծել է, որ ՀԸԳՀ շրջանակներում մի շարք ոլորտներում իրականացվում են առանցքային բարեփոխումներ, իսկ Համաձայնագիրը շարունակում է մնալ որպես Կառավարության բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս:
Lragir.am