Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը չկայացավ
ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ, քվորում ապահովելու համար սահմանված ժամանակում չգրանցվեցին բավարար թվով պատգամավորներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամը 12:00-ին գրանցվել էր 30 պատգամավոր, քվորումի համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն, հայտարարվել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվում է մինչև 4 ժամ:
Նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ բացի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից:
Չորս ժամ անց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 4 ժամվա գրանցման ժամանակահատվածում քվորում չի ապահովվել, այսպիսով նիստի իրավազորության ապահովում չի եղել, փաստորեն նիստը համարվում է չկայացած:
Նիստը հրավիրվել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ, օրակարգում մեկ հարց էր՝ Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծն ԱԺ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
Tert.am