Արցախում շունչները պահած հետևում են Հայաստանի արտահերթ ընտրություններին. Մետաքսե Հակոբյան
Արցախում շունչներս պահած հետևում ենք Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, այս ընտրություններից կախված է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ ամբողջ հայ ազգի ճակատագիրը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Ըստ նրա՝ գործող իշխանությունների վերընտրվելու դեպքում Արցախի հարցը կարելի է փակված համարել, նաև օրակարգային է դառնալու Հայաստանի կորուստը, ընդհանրապես՝ հայի լինելու-չլինելու հարցը:
«Այժմ Հայաստանի գործող իշխանությունները կյանքի և մահվան կռիվ են տալիս, որպեսզի վերընտրվեն: Եվ մենք հետևելով քարոզարշավին, և լսելով գործող իշխանությունների ելույթները հասկանում ենք, որ այս մարդիկ ոչ միայն սրբություն չունեն, այլ իրականացնում են հստակ ծրագիր: Իրենք կործանման են տանում մի ազգի, որը դարերից է եկել և կարողացել է դիմակայել ամեն ինչի, բայց այժմ կանգնած է վերացման ճանապարհին», - նշել է պատգամավորը:
Նրա խոսքերով՝ Արցախում բացի գործող իշխանություններից և նրանց թիմից, բոլորը կարծում են, որ միակ փրկությունը այս իշխանություններից ազատվելն է:
«Ես օրեկան մոտ 100 զանգ և նամակ եմ ստանում, մարդիկ նշում են, որ եթե հունիսի 21-ին պարզվի, որ վերընտրվել են այս իշխանությունները, իրենք լքելու են Արցախը: Այսօր արդեն իսկ սկսվել է արտագաղթը Արցախում, այն թափ է առնում: Այս իշխանությունները թշնամուն կհանձնեն Արցախը», - ասաց Հակոբյանը:
Պատգամավորը նշեց, որ Արցախում մարդիկ չեն ուզում հավատալ, որ այս 3 տարիների ընթացքում այնքան է իջել հայ ազգի մակարդակը, որ պատրաստ են գնալ և ընտրել հայրենիքը հանձնած մարդկանց:
«Մենք լիահույս ենք, որ մեր ազգը կսթափվի և կընտրի այն ուժին, որը ամեն ինչ կանի հանուն հայ ազգի, որպեսզի մենք կարողանանք մեր զոհվածներից ներողություն խնդրել և վերադարձնել այն, ինչ կորցրել ենք», - շեշտել է նա: