Վաղը՝ դեկտեմբերի 17-ին, պետք է կայանար Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր Վանաձորի քաղաքապետ։ Ու քանի որ տեղեկություն կար, որ ամենաշատ ձայներ հավաքած  «Մամիկոն Ասլանյան դաշինքն» ու անցողիկ շեմը հաղթահարած «Հայրենիք» կուսակցությունը հնարավոր է կոալիցիա կազմեն, տրամաբանական է, որ քաղաքապետ էր ընտրվելու Մամիկոն Ասլանյանը։ Բայց նրան երեկ բերման ենթարկեցին Երեւան` Քննչական կոմիտե, եւ ձերբակալեցին։ Ավագանու նիստն էլ հետաձգվեց, քանի որ անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան՝ վիճարկելով ընտրության արդյունքները։ Սրա տակ «Հայրենիք» կուսակցությունում հատուկ դիտավորություն են տեսնում, որ Մարուքյանն իրենց շահերը պաշտպանելու անվան տակ, իրականում, սպասարկում է իշխանությունների շահը՝ դիմելով դատարան, որպեսզի հետաձգվի դեկտեմբերի 17-ի ավագանու նիստը, իսկ այդ ընթացքում իշխանությունները կչեզոքացնեն Մամիկոն Ասլանյանին:

Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք ընդամենը ընտրությունների արդյունքն են վիճարկել՝ պաշտպանելով իրենց շահերը։ Հարցն ընդամենը մի քանի ձայնի պակասի մասին է, որով «Լուսավորը» չի հաղթահարել անցողիկ շեմը, եւ իրենք համարում են, որ տեղի է ունեցել լուրջ ընտրախախտում։ Դրա համար նախ դիմել են վերահաշվարկի, տեսել են՝ բան չի ստացվում, դիմել են դատարան։

Զրուցեցինք նաեւ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Վահե Դոխոյանի հետ։ Նա դժվարացավ գնահատական տալ Ասլանյանի ձերբակալության փաստին։ Իսկ իրենց հավանական կոալիցիայի մասով էլ ասաց՝ դեռ հստակ որոշում չունեն։ «Նախ, մեր կուսակցությունը որոշում չունի, կոալիցիա ոչ մեկի հետ չենք կազմելու, բայց ինչ-որ մեկի օգտին կամ, չգիտեմ, քվեարկության ձեւաչափի, ընդհուպ՝ ձեռնպահ, մենք ոչ մի որոշում դեռ չունենք կայացրած։ Իսկ Մամիկոն Ասլանյանի ձերբակալման հետ կապված՝ ինձ էլ նոր զանգեցին ասացին, ոչ մի բանից տեղյակ չեմ՝ ինչ հիմքով են ձերբակալել, ինչն է պատճառը, ինչ մեղադրանք են առաջադրել եւ այլն»,- ասաց նա։ Փորձեցինք ճշտել՝ ավագանու նիստին 2 օր է մնացել, չգիտե՞ք, թե ինչպես եք քվեարկելու, ում եք ընտրելու քաղաքապետ։ Դոխոյանն ասաց․ «Մենք կարող է որոշում ունենանք քվեարկությունից նույնիսկ մի ժամ առաջ, բայց վերջնական որոշում դեռ կայացրած չունենք»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն