Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով 40 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամենայն հավանականությամբ առաջիկա 10 օրվա մեջ պաշտոնանկ կարվի։ Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ն էլ հոդված էր հրապարակել, ըստ որի Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչն ավելի ուշ հերքեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը, որը երկար ժամանակ հանդես է եկել քաղաքապետին ուղղված սուր քննադատությամբ, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք սրա հետ կապված դեռ քննարկում չեն արել ոչ խմբակցությունում, ոչ էլ կուսակցությունում. «Կուսակցությունում և խմբակցությունում կանենք քննարկումներ, ըստ այդմ կորոշենք՝ նախաձեռնությանը միանում ենք, թե ոչ, նաև կորոշենք, երբ նախաձեռնությունը գա ավագանու նիստ, ինչպես ենք քվեարկելու», ասաց նա:

Հարցին, թե այս պահին քաղաքապետի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Խաժակյանը պատասխանեց. «Ես միշտ դա տեսել եմ, բայց նաև միշտ ասել եմ, թե ով պետք է իրեն փոխարինի: Կա վատից ավելի վատը, և չի կարելի վատին ավելի վատով փոխարինել»:

Հարցն այստեղ այն է, որ նոր քաղաքապետը պետք է լինի Երևանի ավագանու անդամ, արդյոք ԼՀԿ ներկայացուցիչը ավագանու կազմում նման պոտենցիալ ունեցող մեկին տեսնում է. «Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում իրենք են առաջադրողները: Մեծամասնությունն «Իմ քայլի» ձեռքում է: Թող առաջադրեն, մենք կքննարկենք, մեր քվեն կտանք կամ չենք տա: Այս փուլում ես հնարավոր երեք տարբերակներից ոչ մեկը չեմ բացառում՝ կողմ քվեարկել, դեմ քվեարկել և չմասնակցել»:

Խաժակյանը մանրամասնեց, որ նախագիծը ցանկացած պահի 1/3 սրտորագրությունների առկայության դեպքում կարող է ներկայացվել. «Ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում հրավիրվում է ավագանու արտահերթ նիստ, դրվում է քաղաքապետի անվստահության հարցը, ինչպես նաև նոր քաղաքապետի ընտրության հարցը: Անվստահություն և նոր քաղաքապետի ընտրություն տեղի է ունենում նույն պահին, նույն քվեարկությամբ»:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն