Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել և նախագիծ է ներկայացրել կառավարության հաստատմանը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ այս հարցին։
«Մենք ասում ենք, որ այն տնտեսական արդյունքները, որոնք այսօր ունենք կամ սպասումները, որոնք ունենք, մեզ թույլ են տալիս գնահատական տալ, որ մենք ճիշտ ենք անում։ Եվ ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ Թուրքիայի հետ հարաբերությունները տեսնում ենք ճիշտ նախագծված և սիմետրիկ։ Չենք դիտարկում, որ միակողմանի պետք է լինեն հարաբերությունները։ Այսինքն՝ այն ապագա խոսակցությունը, եթե դրանք լինեն ապաշրջափակման, շուկաների վերաբացման վերաբերյալ, պետք է շատ մանրամասն քննարկվեն։ Եվ դա պետք է լինի երկկողմանի գործողություն, ոչ թե մենք հիմա անենք միակողմանի գործողություն, բացենք սահմանը, հետո սպասենք»,- ասաց Քերոբյանը։
Ըստ նրա՝ ներքին շուկայի բավարար պաշտպանությունը, այն էլ այս պահին թուրքական լիրայի էժան լինելու ֆոնի վրա, կարևոր է։ «Եվ մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում կառավարության հաստատմանը ներկայացնում ենք այս նախագիծը։ Ասել, որ կա համատարած կոնսենսուս, ճիշտ չի լինի, բայց կարծում եմ՝ մինչև տարվա վերջ ընդհանուր հայտարարի և ինչ-որ որոշման կգանք»,- հավելեց Քերոբյանը։
Lragir.am