ԿԳՄՍ նախարարությունը չունի դպրոցների տնօրենների նախընտրելի ցուցակ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե դպրոցների տնօրենների ընտրության մրցույթներին մասնակցած անձինք նշում են, որ իշխանությունն իր թեկնածուներին է առաջ տանում, արդյո՞ք խնդիր է դրված դպրոցների անցանկալի տնօրեններից ազատվելու, նախարարն արձագանքեց, որ բացարձակապես նման խնդիր չկա։

«Վստահեցնում եմ՝ նախարարությունը չունի իր նախընտրելի տնօրենների ցուցակ, մրցույթներն անցնում են կարգին համաձայն, նախարարությունը անձնավորված մոտեցումներ չունի, հետևում է, որ դպրոցներում որակական առաջընթաց գրանցեն»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, նախարարն ասաց, որ տեղյակ չէ և հարցից տեղեկացավ այդ մասին։

Հարցին՝ ինչպես է դրան վերաբերվում, Դումանյանն արձագանքեց․ «Քիչ առաջ ձեզանից իմացա, չեմ տիրապետում փաստական տվյալների, հետևաբար ենթադրության հիման վրա կարծիք հայտնելու ցանկություն չկա»,-ասաց նա։

Ի պատասխան հարցի, թե թեև նոր է տեղեկանում գործընթացից, սակայն որպես երևանցի ինչպես է գնահատում քաղաքապետի աշխատանքը, նախարարը հորդորեց ոլորտային հարցեր տալ՝ նշելով, թե փորձագետ չէ։ «Միայն հարց տալով չէ, հարցը պետք է բովանդակային լինի և կոռեկտ»,-ասաց Դումանյանը՝ նշելով, թե քաղաքապետարանի հետ որևէ կոնֆլիկտ չունեն համագործակցության առումով։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն