«Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ամերիկաբնակ գրող, իրավաբան Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ընտրվել է ԱՄՆ Մեն նահանգի Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ: Այս մասին հրապարակում է պատրաստել Portland Press Herald-ը՝ մեր հայրենակցին ներկայացնելով որպես պատմություն կերտող, այս պաշտոնում առաջին կին և ներգաղթյալ ղեկավարը: Քաղաքային խորհուրդն Աննա Աստվածատրյանին ընտրել է փակ գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նորընտիր ղեկավարն այս ընտրությունը բացատրել է նրանով, որ երկրում ներգաղթյալների աճին զուգահեռ առաջանում է նրանց կողմից ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը: «Ես անհամբերությամբ սպասում եմ այդ քննարկումներն աջակցելու իմ դերակատարմանը: Իմ հիմնական նպատակներից է սերտորեն համագործակցել դպրոցների հետ բյուջեի հարցերով, որպեսզի, երբ այն տեսնենք, անակնկալի չգանք»,-ասել է Աննա Աստվածատրյանը:

Օրաթերթը ներկայացրել է Թերքոթի կենսագրության որոշ դրվագներ, մասնավորապես այն, որ նա ծնվել է Ադրբեջանում, սակայն նրա ընտանիքը ստիպված է եղել լքել Բաքուն, երբ Աննան դեռ երեխա էր, հայերի դեմ իրականացվող հարձակումների պատճառով: Ընտանիքը երեք տարի ապրել է Հայաստանում, որից հետո տեղափոխվել են ԱՄՆ: Այստեղ Աննա Աստվածատրյանը ստացել է իրավաբանի կրթություն, այնուհետև որպես քարտուղար աշխատել Հաագայի Միջազգային քրեական դատարանում: 2012-ին հրատարակել է Բաքվի ջարդերի իր օրագիրը՝ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» վերնագրով:

Մենում նրա քաղաքական կարիերան սկսվել է 2013 թվականից, երբ հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Մի քանի տարի հետո արդեն դարձել է Մենի քաղաքային խորհրդի անդամ:

Աննա Թերքոթ-Աստվածատրյան հայտնի է Արցախի միջազգային ճանաչման գործում իր մեծ դերակատարմամբ: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ նախաձեռնել է «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ եւ դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը պատերազմից հետո Արցախում հաստատված ընտանիքների կարիքների գնահատման նպատակով՝ նպաստելու հետագայում թիրախավորված քաղաքականության մշակմանը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն