Հայկ Մարությանը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չի ցանկանում մեկնաբանել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների նախաձեռնած գործընթացը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կարապետյանն ընդգծել է, որ մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ ավագանու մի խումբ անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել, սակայն պաշտոնական նախաձեռնություն այս պահին չկա:
Հարցին՝ հնարավո՞ր է մինչև նման նախաձեռնության մեկնարկը քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական տա, Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքապետը հրաժարական տալու պատճառ և մտադրություն չունի»:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ էր ընտրվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում: Մարությանը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը:
Tert.am