Ես գիտեմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Հայկ Մարությանի միջև եղել է միջնորդավորված պայմանավորվածություն, որ մինչև դեկտեմբեր ՔՊ-ն հանդուրժում է Հայկ Մարությանին, այնուհետև նա պետք է հեռանա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Կարծեք թե ինչ-որ բան այն չէ այդ պայմանավորվածության հետ, քանի որ ըստ խորհրդարանի կուլիսներում պտտվող տեղեկություների՝ տեղի է ունեցել հանդիպում Հայկ Մարությանի և Սուրեն Պապիկյանի միջև»,- ասաց նա՝ հավելելով, թե, ըստ երևույթին, ինչ-որ բան խախտվել է և ՔՊ-ն սկսեց ռեպրեսիաներ Հայկ Մարությանի նկատմամբ։

«Ես ուզում եմ՝ մենք հիշենք, որ Հայկ Մարությանն ատելության խոսքի հիմնադիրն է սև ու սպիտակի ջրբաժանի հեղինակը։ Ես Հայկ Մարությանին չեմ համարում լավագույններից»,- ասաց նա և ենթադրեց, որ անհասկացվածություն է տեղի ունեցել քաղաքապետի և ՔՊ-ի միջև։

«Բայց սա չի նշանակում, որ պետք է հիմք դառնա նրա նկատմամբ նման վերաբերմունքի, սա նշանակում է որ իշխող ուժն ունի քաղաքական նպատակ, որ ով իրեն չի ենթարկվում հլու հնազանդ, նրանք պետք է հեռանան»,- ասաց նա և նշեց, որ դատապարտելի է այդ վարքագիծը։

Անդրադառնալով Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալուն, Թագուհի Թովմասյանն ասաց․ «Խմբակցության ներսում խնդիրներ չկան, Իշխան Զաքարյանը եղել և շարունակում է  մնալ իմ ընկերը և գործընկերը, և այդպես մենք ընկալում ենք նրան, անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացրել։ Մենք իրեն վատ չենք վերաբերվում»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն