Քերոբյանը տեղյակ չէ, որ «իրական տնտեսական աճ» գոյություն չունի
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չգիտի՝ ինչ բան է տնտեսական աճը կամ լավ չի պատկերացնում դրա էությունը, ու փոխանակ ինքը մի քիչ կարդա, որ հարստացնի իր տնտեսագիտական գիտելիքները, լրագրողներին է նման խորհուրդ տալիս։ Իհարկե, մենք էլ դրա կարիքն ունենք։ Հատկապես այսպիսի նախարարների հետ շփվելիս, որպեսզի թույլ չտանք մեզ և մեր միջոցով հանրությանը մոլորեցնել բառախաղերով ու «տերմինոլոգիական» մանիպուլյացիաներով։
Քերոբյանն այսօր արդեն հասցրել է փայլել իր հերթական զարմանահրաշ մտքով, որ՝ «քաղաքացիները նույնիսկ էսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան, օրինակ, մի տարի առաջ կամ երկու տարի առաջ, որովհետև այս տարի մենք ունենք իրական տնտեսական աճ»։
Նախարարին փորձեցինք ասել, որ գնաճի պայմաններում մենք անվանական աճ ունենք, ոչ թե իրական տնտեսական աճ՝ ինչպես ինքն է ասում, բայց նախարարը սկսեց մեզ հորդորել, որ մի քիչ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերենք։ Նախարարի խոհուրդն, իհարկե, տեղին է, բայց նախ ինքը պետք է հետեւի այդ խորհրդին, որպեսզի ավելի հստակ պատկերացնի տնտեսական աճի էությունը։
Վահան Քերոբյանը տնտեսական աճն ու ՀՆԱ-ի աճը խառնում է իրար։ Այդ ՀՆԱ-ի աճն է, որ լինում է իրական և անվանական։ Տնտեսական աճը իրական կամ անվանական չի լինում։ Տնտեսական աճ ասվածը ՀՆԱ-ի իրական աճն է։ Բայց այսօր Վահան Քերոբյանը հերիք չէ՝ սխալ տերմինաբանությամբ փորձում է հանրությանը համոզել, որ գոյություն ունի տնտեսական աճ, մի բան էլ՝ փորձում է գնաճով պայմանավորված անվանական աճը «անցկացնել» ՀՆԱ-ի իրական աճի փոխարեն։
Փորձեցինք նրան բացատրել, որ տնտեսական աճը ՀՆԱ-ի իրական աճն է, հիմա իրենք փորձում են գնաճի հաշվի՞ն ներկայացնել, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ ունեն։ Եթե պարզ օրինակով բացատրենք, ապա ապրանքաշրջանառությունը չի աճել կամ քիչ է աճել կամ մի բան էլ՝ նվազել է, բայց ապրանքների գները աճել են, դրա արդյունքում բյուջեի եկամուտներն են աճել, բայց տնտեսությունը դրանից չի զարգացել։ «Իրական տնտեսական աճը դա գնաճով ճշգրտված անվանական աճն է։ Այսինքն՝ ունենք անվանական աճ, դրանից հանում ենք գնաճի ազդեցությունը և ստանում ենք իրական տնտեսական աճ»,-նորից սխալ տերմինոլոգիա կիրառեց նախարար Քերոբյանը։
Hraparak.am