Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 10-ի նիստում փոփոխություններ կատարեց կառավարության մի շարք որոշումներում, որով պետական սահմանի անցակետերում եւ արտաքին գործունեության սպասարկման կենտրոններում ներդրվում է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը ներկայացրելով հարցը՝ նշեց, որ ներկայումս համապատասխան թույլատվական փաստաթուղթ ստանալու համար տնտեսավարող սուբյեկտները կախված գործող օրենսդրությունից լիազոր մարմին են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը` փոստով կամ առձեռն, ինչպես նաև նշված տնտեսավարող սուբյեկտները լիազոր մարմնի պահանջով տրամադրում են նաև լրացուցիչ՝ առձեռն կամ ուղեկցող գրությամբ (փոստով):

Նշված գործընթացի էլեկտրոնային դարձնելու նպատակով, մասնավորապես «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման, ինչպես նաև ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է համապատասխան թույլատվական փաստաթղթերը ստանալու դիմումը, ինչպես նաև դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով:

Մաշադյանի խոսքով, նոր փոփոխություններով թույլատվական փաստաթղթերը կտրամադրվեն ավելի կարճ ժամկետներում: Մասնավորապես, համապատասխանության հայտագրի համար սահմանված 5 աշխատանքային օրը դառնում է 2 աշխատանքային օր:

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսավարողներին համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչի արդյունքում կկրճատվեն մաքսային ձևակերպումների ժամկետը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացումը կիրականացվի առավել արդյունավետ` հաշվի առնելով այն, որ առկա է մարտահրավեր արտաքին առևտրի շրջանակներում պետական կառավարման համակարգի մարմինների և այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացնել, արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցնել և ավտոմատացնել։

Նախագծով նախատեսվում է նաև կրճատել մի շարք թույլատվական փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետները, քանի որ փաստաթղթերի ներկայացումը նախատեսվում է նաև իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, ուստի հնարավորության սահմաններում կրճատվել են ժամկետները` հնարավորություն տալով մատուցել համապատասխան ծառայությունները տնտեսավարող սուբյեկտներին առավել կարճ ժամանակահատվածում, ինչի արդյունքում կնվազի ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ ծախսվող ժամանակահատվածը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն