Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեկտեմբերի 16-ին մեկ տասնյակից ավել կուսակցություններ համատեղ հայտարարություն էին տարածել, դատապարտելով գործող իշխանության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած ակնհայտ պարտություններից հետո Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլուր իրականացվող բռնաճնշումները ժողովրդի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց։

Ես ողջունում եմ այս հայտարարությունը, և կուզենայի իմ կողմից ավելացնել նաև, որ իր իշխանության երեք տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական ուժը այլասերել են ցանկացած գաղափարական արժեք և իդեալ, որով նրանք իշխանության են եկել։ «Արցախը Հայաստան է և վերջ» բարձրագոչ հայտարարություն արած Փաշինյանը այժմ վախենում է Արցախ գնալ և կամ նույնիսկ Արցախ բառը արտաբերել, Ազգային Ժողովի ամբիոնից պարբերաբար փորձելով մեղավորներ կարգել Արցախի հանձնման համար։

Կոռուպցիայի դեմ պայքարը դրոշ սարքած քաղաքական ուժը առանց խղճի խայթի բազմամիլիոնանոց պարգևավճարներ և շքեղ ավտոմեքենաներ է բաժանում իր կամակատարներին, և ասֆալտի տենդերներ՝ նրանց մերձավորներին։ Ժողովրդավարությունից և ազատ ընտրություններից խոսող ուժը այսօր շտապում է ազատ ընտրություններով ընտրված ժողովրդական ներկայացուցչներին կալանավորել կամ ստիպողաբար պաշտոնանկ անել (նույնիսկ իր նախկին դաշնակիցներին), դրանով պարզապես թքելով իրեն իսկ իշխանության բերած ժողովրդի երեսին։

Պահանջվեց ընդամենը երեք տարի, որպեսզի «հրեշին» հաղթած հերոսը վերածվի նույնպիսի հրեշի, և շատ ավելի վատ։ Դա ճակատագրի դառը հեգնանք է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք միամտաբար վստահել են «Փրկչին», չգիտակցելով, որ քաղաքականության մեջ չկան փրկիչներ, այլ կա քաղաքական մրցակցություն, զսպումներ և հակակշիռներ, և պրոֆեսինալիզմ՝ երեք կարևորագույն հենասյուն, որոնք համարյա ոչնչացվել են մեր երկրում՝ նախ 2015 թվականին ընդունված դիկտատորական սահմանադրության, հետո 2018 թվականին կատարած հուզական ընտրության, և վերջապես 2021 թվականին կատարած պարզապես անհեթեթ ընտրության արդյունքում, որով իր գործունեության բոլոր ոլորտները ձախողած քաղաքական ուժը վերարտադրվեց, և հիմա էլ փորձում է ցեմենտել և միապետականի վերածել իր իշխանությունը։

Եթե այսքանից հետո կան միամիտներ և լավատեսներ, որոնց թվում է, այս իշխանության հետ «Ապագա կա», շտապում եմ նրանց հիասթափեցնել՝ այս իշխանությունը ոչ միայն որևէ ապագա չունի, այլև արագ տեմպերով այսօր ինքն է փորում իր քաղաքական գերեզմանը, կրկնելով ոչ միայն իր նախորդների բոլոր սխալները, այլև շատ ավելի ճակատագրական սխալներ գործելով։

Մեր հասարակությանը սակայն պետք է կազմակերպվել, և թույլ չտալ, որ այս իշխանության ճակատագրական սխալները անշրջելի դառնան մեր երկրի և ազգի համար, և մեր հետևողական դիմադրությամբ ձախողել նաև այս իշխանության արտաքին շահառուների օր օրի ակնհայտ դարձող հակահայկական պլանները։ Մինչ այդ, միանում եմ կուսակցությունների երեկվա կոչին, և դեռևս գործող իշխանությունից պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ժողովրդի բոլոր ընտրված ներկայացուցիչներին»։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն