Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 10-ի նիստում փոփոխություններ կատարեց «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, փոփոխություն կատարվեց կենսաթոշակը վճարելու գործընթացում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ստեփանյան Տաթևիկը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փոփոխության համաձայն, 2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը Երևանում, Վանաձորում ու Գյումրիում վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, երբ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին, կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին:

Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով բանկերի միջոցով վճարվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով, որի պայմանագրի օրինակելի ձևը սահմանված է Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի որոշմամբ։

Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարելու համար պայմանագրի օրինակելի ձև որևէ իրավական ակտով սահմանված չէ։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել ներկայացված նախագծով սահմանել խնդրո առարկա պայմանագրի օրինակելի ձևը։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի որոշման մեջ եւ սահմանել Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարելու համար պայմանագրի օրինակելի ձև:

Հարկ է նաև նկատի ունենալ, որ կենսաթոշակներն Ազգային  օպերատորի  կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը:

Նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանվեն պայմանագրի օրինակելի ձևը, որով հնարավոր կլինի կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարել նաև Ազգային օպերատորի միջոցով:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում թոշակներն անկանխիկ եղանակով պետք է ստանան հուլիսի 21-ից սկսած: Մյուս քաղաքներում այդ սկզբունքը գործելու է 2022 թվականի հունվարի 1-ից: Հազարից ավելի բնակիչ ունեցող գյուղերում այդ համակարգին անցումը կկատարվի 2023 թվականից, իսկ հազարից քիչ բնակչից ունեցող գյուղերում՝ 2024 թվականից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն