Թավշյա իշխանությունը որոշել է Երեւանի քաղաքապետի պաշտոնից հեռացնել իր նախկին թիմակից «Մեր դեմ խաղ չկա» ասելով քաղաքապետ դարձած ու շատ արագ երեւանցիներից մեկուսացած Հայկ Մարությանին: Բայց թավշյաները, Երեւանի մասին չէ, որ մտածում են, սեփական շահն են հետապնդում: Երեւանը նրանց հոգսը չի, ինչպես Սյունիքը, Հայաստանի քաղաքացիների առողջությունը, անվտանգություն, անգամ ապագան:

Պարտությամբ հպարտ, թավշյա իշխանությունն արդեն հայտարարել է, որ Հայկ Մարությանին փոխարինելու է, այս պահին քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանով: Քաղաքապետարանի կայքում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի մասին տեղեկությունը, մեղմ ասած, ժլատ է՝ 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկում»՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ, իսկ 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: Ոչ տարիք, ոչ ամուսնական դրություն, ոչ կրթություն: Բացի քաղաքապետից, քաղաքապետարանի բոլոր պաշտոնյաները ներկայացված են նույն ձեւաչափով՝ երկու կարճ պարբերություն: Ոմանց դեպքում դա էլ չկա: Անգամ նկար չկա: Քաղաքացին բարձրագույն արժեք է ասող քաղղաքական թիմը նույն քաղաքացիներից թաքցնում է իր անդամների անցյալը: Այլ խոսքով՝ Երեւանը այսօր ծպտյալ ու մութ, ծածուկ պահվող անցյալով, անորոշ ամուսնական դրությամբ եւ անհայտ կրթությամբ մարդկանց ձեռքում է:

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» 2018-ին հրապարակել է Հրաչյա Սարգսյանի ավելի ամբողջական կենսագրականը: Պարզվում է՝ նա 36 տարեկան է, «հանրային ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրոս է, ու նախքան «Արդշինբանկում» աշխատելը «Ատակ» ընկերությունում տեխնիկ է եղել, աշխատել նաեւ «ՎՏԲ Հայաստան» բանկում: Ըստ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հրապարակած կենսագրականի Հրաչյա Սարգսյանը «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի հիմնադիր-անդամ է: Այս կուսակցությունը 2018-ի ընտրություններին ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցեց Երեւանի քաղաքապետի ընտրությանը, այսպես էլ Հրաչյա Սարգսյանը դարձավ փոխքաղաքապետ, իսկ կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանը դարձավ վարչապետի խորհրդական, հետո՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, հետո հեռացավ իշխանությունից: Հիմա «Առաքելություն» կուսակցությունը վերանվանվել է «Ապրելու երկիր», նոր համալրում է ստացել՝ հանձին Մանե Թանդիլյանի եւ նրանց թիկունքում կանգնած Ռուբեն Վարդանյանի եւ ամառվանից սկսած ակտիվորեն մասնակցում է քաղաքական գործընթացներին, հատկապես ՏԻՄ ընտրություններին: 

Բայց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Հրաչյա Սարգսյանը չգնաց իր երամի հետ, այլ մնաց քաղաքապետի տեղակալ՝ պաշտոնը գերադասեց կուսակցական դժվարին գործունեությունից: Երեկ Մեսրոպ Առաքելյանն արտահայտվել էր իր նախկին կուսակցի մասին, ասել էր՝ երանի եք տալու բոլոր նախկին քաղաքապետերին եւ վատ-վատ որակումներ էր հնչեցրել ՔՊ քաղաքապետացուի հասցեին։ Հրաչյա Սարգսյանը, փաստորեն, հանուն պաշտոնի ճամբարափոխ է եղել: Նիկոլ Փաշինյանի թիմում այս տեսակից շատ կա՝ Հայկ Կոնջորյան, Վաղարշակ Հակոբյան, Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Արսենյան, Սերգեյ Բագրատյան, Շիրակ Թորոսյան, Վիգեն Խաչատրյան եւ այլք: Այս տեսակին նաեւ «քաղաքական առնետավազքի վարպետ» են ասում: Հայաստանի, այդ թվում՝ Երեւանի համար ողբերգություն է, որ կառավարման լծակները նման անցյալով ճամբարափոխների՝ «քաղաքական առնետավազքի վարպետների» ձեռքում են: 

Արեգ Մարգարյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն