Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած  թեկնածուն՝ այս պահին դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, հաստատում է, որ իր առաջնահերթություններից երրորդը խաղաղ հավաքների ազատության երաշխավորությունն է և ազատ խոսքի իրավունքի իրացման բավարար պայմանների ապահովումը։

«Սա մեր երկրում շարունակում է մնալ համակարգային խնդիր, սա են վկայում Մարդու իրավունքների գրեթե բոլոր պաշտպանների կողմից և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հրապարակված մի շարք վճիռներ, որոնք հստակ ցույց են տալիս, որ այս խնդիրը շարունակում է մնալ համակարգային։ Սա է պատճառը, որ ես, որպես առաջնահերթություն՝ նաև կենտրոնանալու եմ այս հարցերի վրա։ Ասեմ նաև, որ համավարակի ընթացքը ցույց տվեց, որքան մենք սուր մարտահրավերներ ունենք՝ ոստիկանության կողմից խաղաղ հավաքը սպասարկելու մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ թեկնածուի մեկնաբանությամբ՝ Հայաստանում անկախությունից ի վեր այդ խնդիրը շարունակում է  մնալ որպես համակարգային խնդիր։ Այս համատեքստում նա խնդիրը միայն ոստիկանության մեջ չի տեսնում, նրանց պատշաճ մասնագիտական կրթություն պետք է տրամադրվի։

Ինչ վերաբերում է վիրավորանքը քրեականացնելու օրենքին, Քրիստինե Գրիգորյանը ասաց, որ խոսքը ոչ թե վիրավորանքի, այլ հայհոյանքի ու ծանր վիրավորանքի այլ ձևերի մասին է։

«Ես հանդես եմ եկել այդ օրենքի հարակից զեկուցող և որպես Կառավարության ներկայացուցիչ՝ նշել եմ, որ ազատ խոսքը հայհոյանքը չէ և հայհոյանքը չի կարող պաշտպանվել ազատ խոսքի այն ստանդարտներով, որն ունենք սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Որպես Կառավարության ներկայացուցիչ, ներկայացրել են նաև որոշակի վիճակագրություն, նաև կոլեգաների հետ պայմանավորվել ենք, որ ավելի մանրամասնությամբ պետք է ստանամ ոստիկաններից ու ներկայացնեմ։ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան և վիճարկում է  այս օրենքի սահմանադրականությունը։ Իհարկե, դիմումին ծանոթ չեմ ու չգիտեմ՝ ինչ հիմքերով է վիճարկում։ Որպես հարակից զեկուցող,  ասել եմ, որ շատ կարևոր կլինի սպասել ՍԴ-ի որոշմանը, հետո նոր դիրքավորվել, թե՛ որպես ՄԻՊ, թե՛ որպես քաղաքական գործիչներ։ Այսօր էլ այս սենյակում կար այդ համախոհությունը, որ ատելության խոսքը, հայհոյանքը որևէ ձևով չեն կարող համարվել ազատ խոսք, և դրանք դատապարտելի են։ Ընդամենը բոլորս ստանձնեցինք այդ պարտավորությունը, որ այս ուղղությամբ պետք է աշխատենք»,- ընդգծեց Քրիստինե Գրիգորյանը։

Նա նաև ասաց, թե երեկ մամուլում տեսել է հոդված, որ ինքն Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերի տակ «սրտիկել» է։

«Ես հետո եմ տեսել, որ այդ «սրտիկելուն» մատս է կպել, այդ աղմուկից հետո չուզեցի հեռացնել, բայց առաջին հերթին զանգել եմ պարոն Մարուքյանին և ասել եմ, որ սա այսպիսի հանգամանքներում է արվել»,- եզրափակեց նա։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն