«Մենք ռուսներին կվերադառնանք հաջորդ շաբաթ՝ ավելի կոնկրետ առաջարկներով». ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի հետ քննարկել անվտանգության հարցերը
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի Դաշնության հետ բանակցել Մոսկվայի ներկայացրած անվտանգության առաջարկների շուրջ, սակայն կարծում են, որ դրանցում կան անընդունելի տարրեր։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հատուկ ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես ասացինք, մենք պատրաստ ենք դրանք քննարկել, բայց այս փաստաթղթերում կան որոշ կետեր, որոնք, ինչպես գիտի Ռուսաստանի Դաշնությունը, անընդունելի են... Բայց կան այլ տարրեր, որոնց հետ մենք պատրաստ ենք աշխատել, որոնք արժանի են քննարկման»,- ասել է նա։
Պաշտոնյային խնդրել են մեկնաբանել Մոսկվայի կողմից Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծի հրապարակումը։
«Մենք այստեղ ռուսներից ցուցակ ունենք, որն ընդգրկում է այն ձևաչափերը, որոնք մենք օգտագործել ենք անցյալում: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչպես կազմակերպել այս ամենը: Եվ մենք դրանց կոնկրետ առաջարկներով կվերադառնանք հաջորդ շաբաթ»,-ասել է պաշտոնյան:
ԱՄՆ-ի պաշտոնյան հաստատել է, որ Վաշինգտոնը ներկայում «խորհրդակցում է դաշնակիցների և գործընկերների հետ, ներառյալ ՆԱՏՕ-ն, բանակցությունների ձևաչափի, ինչպես նաև և այն հարցերի շուրջ, թե «ինչպես վարվել Ռուսաստանին հետաքրքրող հարցերի «մենյուի» և ԱՄՆ-ին հետաքրքրող հարցերի «մենյուի» հետ»։
Միաժամանակ, նա կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը, ըստ որի՝ նման բանակցություններին պետք է մասնակցեն բոլոր այն եվրոպական պետությունները, որոնց շահերը շոշափում են Մոսկվայի բարձրացրած խնդիրները։
«Մենք հաջորդ շաբաթ կվերադառնանք ռուսներին՝ ավելի կոնկրետ առաջարկներով այս հարցում՝ մեր դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո։ Բայց, կրկին, մենք կունենանք այնպիսի հարցերի բավականին մեծ ցանկ, որոնք մտահոգություն են առաջացնում ռազմավարության և օպերատիվ ծրագրի, ինչպես նաև Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ»,-ասել է պաշտոնյան, որի խոսքով՝ բանակցությունները պետք է ընթանան փոխադարձության հիման վրա։
Ուրբաթ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ ԱՄՆ-ին վերաբերող Ռուսաստանի առաջարկած փաստաթուղթը բաղկացած է ութ կետից և շոշափում է Մոսկվայի և Վաշինգտոնի կողմից անվտանգության փոխադարձ երաշխիքների տրամադրման հիմնական ասպեկտները։
Tert.am