Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ում խոսքով՝ սկզբունքային փոփոխություններ են առաջարկվում մի քանի ուղղությամբ, որոնցից առաջինը հանրակրթության բովանդակությանն է վերաբերում:

Ըստ նրա` փոփոխությունները թույլ կտան բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, խրախուսել ուսուցիչների՝ անհատական ուսումնական պլաններով աշխատելու նախաձեռնությունները: Նորարարություններ են նախատեսվում համընդհանուր ներառական կրթության ներդրման առումով․ փոխվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի սահմանումը, դպրոցների ֆինանսավորման մոդելը։ Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման առաջարկվող փոփոխություններին՝ փոխնախարարը նշել է, որ  նախատեսվում է տնօրենի գործառույթներից տարանջատել վարչատնտեսական հատվածը՝ նրան վերապահելով  կրթության որակի եւ բովանդակության պատասխանատվությունը։ Վարչատնտեսական ղեկավարումը կիրականացվի կենտրոնացված կարգով, իսկ տնօրենին  կվերապահվի միայն կրթության որակի ապահովման խնդիրը:

Դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրումը, սակայն, դժգոհությունների ալիք է բարձրացրել հանրակրթական դպրոցներում, ինչը փաստացի նշանակելու է, որ դպրոցն ունենալու է երկու ղեկավար՝ բովանդակային եւ վարչատնտեսական: Ավելին՝ շատերն իրենց դժգոհությունը հենց նախարարության էջում էլ արտահայտել էին․ «Ձեզանից ադեկվատ բարեփոխում չենք սպասում: Կրթությունը դարձրել եք փորձադաշտ», «Ձեր նորարարություններից դեռ ոչ մի ուսուցիչ ու աշակերտ օգուտ չի ստացել», «Դպրոցը փորձադաշտ չէ։ Կարծում եմ` դպրոցում երկու տնօրենի առկայությունը շատ սխալ է։ Թող լինի տնտեսական մասով փոխտնօրեն, ով կկատարի Ձեր նշած գործառույթները, իսկ հատուկ մարմինն էլ կսահմանի խիստ վերահսկողություն։ Կներեք, բայց ստացվում է շիլաշփոթ, եւ կախվածություն ես ձեռք բերում տնտեսական մասի ղեկավարից, ու նա է որոշում` գումար տրամադրի՞ այս կամ այն անհրաժեշտ գույքը ձեռք բերելու, դպրոցի համար անհրաժեշտ ծախսեր անելու, եւ էլի շատ բաներ»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն