Լրագրողների աթոռները հավաքելիս ԱԺ նախագահը կարող է նաև իր աթոռը կորցնել. Մամուլի ազգային ակումբի նախագահ
Լրագրողների աթոռները հավաքելիս ԱԺ նախագահը կարող է նաև իր աթոռը կորցնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսքի և մամուլի ազատության, լրագրողների իրավունքների սահմանափակման օրինագծերից հետո, որոշել է ԱԺ միջանցքներից հավաքել լրագրողների աթոռները, քանի որ նրանց աշխատելաձև-նստելաձևը դուր չի եկել իրեն:
Ալենը, հավանաբար, լրագրողների աթոռները շփոթել է իշխանության աթոռների հետ՝ հավաքելով դրանք, որ այլոց աթոռ չհասնի: Հավանական է նաև այն, որ Ալեն Սիմոնյանը Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի ախտանիշով է տառապում:
Ճիշտ կլիներ, որ այլ պետություններ այցեր կատարելիս ԱԺ նախագահը մի կողմից՝ կա՛մ ծանոթանար խորհրդարանում լրագրողների աշխատանքային պայմաններին, մյուս կողմից՝ ուշադիր հետևեր, որ լրագրողները աստիճաններին, հատակին, պատուհանին, անգամ՝ տանիքին նստած էլ կարող են աշխատել, բայց որտեղ էլ նստեն՝ միշտ խանգարելու են անարդյուանվետ աշխատող և ավելորդ ինքասիրահարվածությամբ տառապող իշխանություններին:
Լրագրողների դեմ պայքարող ցանկացած իշխանություն, ի վերջո, պարտվում է: Մամուլի դեմ պայքարը ոչ միայն անօրինական է, այլև վտանգավոր: Լրագրողների աթոռները հավաքելիս ԱԺ նախագահը կարող է նաև իր աթոռը կորցնել»,- գրել է նա:
168.am