«Ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ». Սերժ Սարգսյան

ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․

«Մեր հերթական համագումարը այս անգամ, ի տարբերություն նախորդների, անցկացնում ենք այլ կարգավիճակում` լինելով ընդդիմություն: Ըստ այդմ` հաշվետվություններն էլ զգալիորեն տարբերվելու են մեր նախորդ հերթական համագումարների հաշվետու զեկույցներից, որտեղ ներկայացնում էինք տարբեր ուղղություններով պետական քաղաքականության մեր առաջնահերթություններն ու դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկած       քայլերը:

Մեկ բան է իշխանական կուսակցության անդամ լինելը, բացարձակապես այլ բան է ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացնելը: Ընդ որում` սա միայն Հանրապետական կուսակցությանը չի վերաբերում և միայն ներհայաստանյան երևույթ չէ: Այս տրանսֆորմացիայի կամ յուրահատուկ փորձության միջով դուք, ինչպես նաև մեր հազարավոր կուսակցական ընկերները, անցել եք:  Ոմանք չեն դիմացել փորձությանը, իսկ այն, իրոք, ծանր փորձություն էր ոչ մի սրբություն չունեցող պոպուլիստ իշխանությունների կատաղի հարձակումների, ակնհայտ ապօրինությունների, բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների, զրպարտությունների, ընտանիքին ու երեխաներին թիրախավորելու պայմաններում: Ոչ բոլորն էին պատրաստ դիմանալու, դիմակայելու և պայքարի ոգին պահելու, իսկ ոմանք պարզապես պատեհապաշտներ էին, որ տարբեր ժամանակներում մշտապես հարմար տեղավորվում և այդպիսի մի  պահի էլ ճարպկորեն լքում են քաղաքական ընտանիքը` սեփական շահն ու հարմարավետությունը վեր դասելով ամեն ինչից: Ցավոք, Հանրապետական կուսակցությունը ևս զերծ չէր այդպիսիներից իր շարքերում:

Սա մի գործընթաց էր, որ պետք էր անցնել և բյուրեղանալ: Խոսքս մարդկային այս տեսակին չի վերաբերելու, քանի որ սրանք մարդկության ողջ պատմության մեջ եղել են և շարունակելու են լինել՝ այնպես, ինչպես արգահատելի բազմաթիվ այլ երևույթներ, որոնց դեմ պետք է անդադար պայքարել:

Անցած հինգ տարիներին չափազանց շատ հարցեր են կուտակվել, որոնց մի մասին մենք տարբեր առիթներով մինչ այժմ անդրադարձել ենք: Իրավիճակով պայմանավորված՝ եղել են նաև կուսակցության մի քանի տասնյակ հայտարարություններ ու գնահատականներ: Այդուհանդերձ, հերթական համագումարը հնարավորություն է՝ ամփոփելու անցած ճանապարհը, առավել հանգամանորեն անդրադառնալու և պատասխանելու ձեզնից շատերին և մեր հասարակության մի ստվար հատվածին հետաքրքրող հարցերին. ի վերջո, ի՞նչ է կատարվել անցած հինգ տարիներին, ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ պոպուլիստների իշխանազավթումը, ի՞նչ է կատարվում հիմա մեր պետության ներսում, ի՞նչ լրջագույն մարտահրվերների ենք առնչվում, և ի՞նչ վտանգներ ու սպառնալիքներ կան Հայաստանի ու Արցախի անվտանգության և պաշտպանության ապահովման տեսանկյունից, աշխարհաքաղաքական ինչպիսի՞ միջավայրում, ի՞նչ շահերի բախման կիզակետում ենք գտնվում, ի՞նչ է պետք անել համահայկական նպատակների շուրջ մշտապես միասնական աշխարհասփյուռ մեր ժողովրդի հզոր ներուժի ջլատումն ու համազգային պառակտումը կասեցնելու, դեպի անդունդը տանող թափանիվը հետ շրջելու համար:

Ինչպես տեսնում եք, ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ և նույնը ակնկալում եմ ձեզնից»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն