Միամտություն է կարծել, որ եթե Ռուբեն Ռուբինյանի փոխարեն լիներ ավելի պատկառելի բանակցող, այս իշխանության օրոք հնարավոր էր որևէ արժանապատիվ երկխոսություն, ազգային շահի առաջ մղման հույս ունենալ․ Աշոտյան
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՀՀ-ն արտաքին աշխարհում, անկախ նրանից՝ ում է նշանակելու իր սև գործերի հանցակից, մենք այդ գործընթացում ազգային շահի առաջ մղման որևէ հույս չպետք է փայփայենք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում որպես ՀՀ հատուկ ներկայացուցիչ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը։
Աշոտյանը նշեց, թե Ռուբինյանի մասնագիտական, մարդկային որակների մասին կայուն բացասական կարծիք ունի, և նա որևէ կերպ չի համապատասխանում ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու նվազագույն չափանիշներին, սակայն, ըստ քաղաքական գործչի, տարբերություն չկա՝ ով է վարելու բանակցությունները, եթե վարչապետ է Նիկոլ Փաշինյանը։
«Քանի կան այս իշխանությունները, որոնք հետևողականորեն տանուլ են տալիս և տալու են մեր ազգային, պետական շահերի բարձունքները, բացարձակ կապ չունի՝ ով է վարելու այդ բանակցությունները Թուրքիայի հետ, եթե օրակարգն այն է, որ մենք պետք է տրվենք թուրք-ադրբեջանական տանդեմին և դառնանք «բուտերբրոդի միջի նրբերշիկը», որ երկու կողմից սեղմվելու է Նիկոլ Փաշինյանի պատճառով «միս ու արյուն» ստացող պանթուրանական ծրագրի շրջանակներում։ Միամտություն է կարծել, որ եթե մենք ունենայինք ավելի պատկառելի բանակցող, այս իշխանության օրոք հնարավոր կլիներ ունենալ որևէ արժանապատիվ երկխոսություն»,-ասաց Աշոտյանը։
Վերջինս ընդգծեց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջ մղվող այս գործընթացը որևէ աղերս չունի 2009-ի գործընթացի հետ, որովհետև այն ժամանակ խնդիր էր դրված տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները Արցախյան հակամարտության կարգավորումից, ինչին ուղղված էր հայկական դիանագիտական ողջ ներուժը։
«Այսօրվա գործընթացը այն հանգամանքի հետևանքն է, որ Արցախյան վերջին պատերազմում մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվել, և մեզ պարտադրում են նաև հայ-թուրքական գործընթացի շատ յուրահատուկ օրակարգ։ Այսինքն՝ եթե 12 տարի առաջ այդ պրոցեսները տարանջատված պետք է ընթանային, և ՀՀ-ն շահում էր, այսօր պատերազմում պարտության հետևանք է գործընթացը մեկնարկելու որոշումը, ինչը ռադիկալ տարբերություն է»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Դիտարկմանը, թե ՀՀ ԱԳՆ-ն պնդում է, թե բանակցությունները առանց նախապայմանների են կայանալու, Աշոտյանն արձագանքեց, որ բազմիցս ապացուցվել է, որ ներկայիս իշխանությունն իր բոլոր մակարդակներում՝ Կառավարություն, ԱԺ և այլն, աչքի է ընկնում ստախոսությամբ, կեղծ պնդումներով, ժողովրդից թաքցնում է տարբեր գործընթացներ, որոշումներ։ Քաղաքական գործիչը հիշեցրեց՝ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար բանագնացների նշանակման մասին էլ հայ հասարակությունը տեղեկացավ Թուրքիայից։
«ՀՀ-ին վերաբերող բոլոր ճակատագրական որոշումների, ձեռնարկումների մասին մենք տեղեկանում ենք արտաքին աղբյուրներից, որպես կանոն՝ թուրք-ադրբեջանական»,-ասաց նա։
Հարցին՝ այդ դեպքում ինչ նախապայմանների մասին է խոսքը, գուցե Արցախի կարգավիճակի՞, Աշոտյանն արձագանքեց, թե այս իշխանություններին Արցախի կարգավիճակի հարցը չի հետաքրքրում։ «Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրեր առաջ փորձում էր հիմքեր ստեղեծել առ այն, որ Արցախի հարցով մենք սխալ ենք եղել դեռ 30 տարի առաջ։ Նա իր համար «քարոզչական փուչիկներ» է ստեղծել, որոնց հղում անելով՝ մի օր էլ հրապարակավ կհրաժարվի Արցախից։ Նրանք Արցախից արդեն դե ֆակտո հրաժարվել են, որովհետև Արցախի ապագային առնչվող դիվանագիտական շարժերում ՀՀ-ն կապիտուլյացիայից ու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունից հետո միայն ու միայն կորցնում է»,-ասաց Աշոտյանը։
Վերջինս հղում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունների մեկ տարվա դինամիկային՝ նշելով, թե վերջին անգամ Արցախի կարգավորման հիմնարար սկզբունքների մասին համանախագահները խոսել են 2021-ի ապրիլին։
«Ամենամեծ բանը, որ անում են հայկական կողմը «ներկայացնող» պաշտոնյաները, երբեմն «կարգավիճակ» բառի կիրառումն է։ Սա ևս թակարդ է, որովհետև «կարգավիճակն» ու «ինքնորոշման իրավունքը» տարբեր բաներ են»,-ընդգծեց Աշոտյանը՝ հավելելով, թե գործող իշխանությունները հետևողականորեն, նպատակային կերպով ամբողջությամբ զրոյացնում են հայկական ազգային շահի համար դիվանագիտական բոլոր այն առաջնահերթությունները, որոնք 30 տարի բյուրեղացել են։
Մարիամ Սարգսյան
Tert.am