Հասարակության մեր մերանն այդպես էլ թթվեց. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է.
«Ես ու դու էնքան տարբեր ենք ախր. դու՝ անհամբեր, ես՝ ծով- համբերությամբ: Դու՝ հիասթափված բոլորից, ես՝ քեզ հույս տվող... նույնիսկ, եթե ինքս եմ անդունդի եզրին ու հուսախաբ. մարդը սխալական է ախր, հայը՝ առավել:
Դու՝ հիասթափությունից ինքդ քեզ անգամ մերժող, ես՝ սխալներով հանդերձ ընդունող ու ներող:
Ես դու այնքան տարբեր ենք... ու այնքան անկեղծ:
Իրար խնայելու համար չենք ստում, չենք խաբում, չենք «խմբագրում»:
Իսկ ճշմարտությունը դառն է միշտ՝ ափսոս, ու միայնակ:
Ճշմարտությանը չեն սիրում, չեն հաշտվում, չեն ներում:
Միայնակ մարդուն էլ չսովորեցին հասկանալ, ընդունել, մերել...
Հասարակության մեր մերանն այդպես էլ թթվեց... Չսիրեց ճիշտը, ցավոտ էր չափազանց... սխալն ընդունել ո՞վ կհամարձակի:
Իսկ ես դու չսովորեցինք ապրել այլ կերպ:
Դրախտում ծնվածները հայտնվեցին դժոխքում․․․ ու վտարվեցին նույնիսկ այնտեղից:
Անհավատ մեծամիտը տեղ չունի նույնիսկ դժոխքում․․․
Անհայրենիք աշխարհում դարձանք մենք էլ անՏուն, անԵս, անՍիրտ:
Մարդու սիրտն իր Երկիրն է:
Դու սիրտդ մի փոխիր... ոչինչ էլ չի օգնի. ոչ ժամանակը, ոչ էլ արյանդ մեջ ներարկած ատելությունդ՝ յուրայինիդ նկատմամբ:
Սիրտը կենսատու է:
Թթվածինը՝ Սերն է:
...ես ու դու՝ այնքան տարբեր ու այդքան նույնը.
զարկերակով, արյունով ու ցավով անգամ՝ նույնը:
Մի թող: Մի լքիր: Մի լռիր։ Քեզ ու ոչ ոքի մի լքիր... Պայքարիր... դրա հակառակ կողմում մահն է... որը հաճախ կարող է մնալ անանուն... մի թող նա հաղթի Կյանքի աղը մենք ենք.. Շնչիր: Սեր կա: Երկիրը սիրտդ է»։
Hraparak.am