«Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը գահավիժում է, իսկ դա պայմանավորված է ինչպես քաղաքական խաղերով, այնպես էլ արդարադատության, մարդու իրավունքների և օրինական շահերի վրա թքած ունենալու արվեստով, որը բացառապես պայմանավորված է կոռուպցիոն սխեմաներով և անձնական շահերի գերակայությամբ», - hraparak.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Կյանքի իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ադանալյանը:

«Ինչպես նախկինների, այնպես էլ ներկա իշխանության օրոք համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց պաշտոնավարմամբ ոչ միայն որևէ դրական տեղաշարժ չկատարեցին, այլ ավելի նվաստացրին համակարգը՝ խրախուսելով անպատժելիությունը: Ավելի է խորացել նախկին ռեժիմին սպասարկած և ներկայիս իշխանության գրկում ծվարած պաշտոնյաների հանցավոր անգործությունը:

Օրինակ ասեմ՝ չնայած ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ Արգիշտի Քյարամյանի երիտասարդ տարիքին և դրան զուգահեռ աշխատանքային հարուստ կենսագրությանը՝ կասկածի տակ է դրված Շիրակի մարզային քննչական վարչությունում տիրող իրավիճակի մասին նրա տեղեկացված լինելու հանգամանքը: Տեսնես՝ գոնե տեղյա՞կ է, որ չափազանց ծանր գործեր են քննվում ՀՀ-ի ամենակոռումպացված մարզում», - ընդգծում է տիկին Ադանալյանը՝ հիշեցնելով իր որդու մահվան գործի քննությունը, որը մինչ այսօր լիովին բացահայտված չէ:

«Ասածիս համատեքստում ամենաուշագրվան այն է, որ Ա.Քյարամյանը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, ի դեպ հոկտեմբերի 29-ը որդուս սպանության դեպքի օրն է, նոր նշանակումներ է կատարել: Որդուս սպանության գործով ողջ հասարակությանն արդեն իսկ հայտնի քննիչ Հրաչյա Առաքելյանին նշանակել է Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Իսկ այլ քրեական գործերով հանցագործներին կոծկած և նախաքննությունն ակնհայտ անգործության մատնած քննիչ Վահան Բաբկենի Սամվելյանին նշանակել է Ախուրյանի քննչական բաժի պետ: Մինչ այս, դեռևս որդուս սպանության գործի նախաքննությունն ավարտելուց հետո, քննչական կոմիտեի նախկին նախագահ, այժմ ՝ մեղադրյալ Աղվան Հովսեփյանը ՀԿԳ ավագ քննիչ Հ.Առաքելյանին խրախուսել էր՝ նշանակելով Ախուրյանի քննչական բաժնի պետ, այնուհետև՝ Անիի և Արթիկի տարածաշրջանի քննչական բաժնի պետ: Բոլորին է հայտնի այն չգրված օրենքը, երբ հանցագործությունը լավ է պարտակվում, դրանից հետո պարտակողին բարձր պաշտոնների են նշանակում, իսկ բարձր պաշտոնների նշանակելը ևս իրենից ենթադրում է կաշառք՝ պաշտոնի տեսքով: Քյարամյանն, ըստ պտտվող լուրերի, այսկերպ սույն քննիչին մոտեցնում է Շիրակի մարազային քննչական վարչության պետի աթոռին, սպասենք զարգացումներին:

Ինչ խոսք բարձր պաշտոնների նշանակելու արարողությունը շքեղության և պաշտոնի վայելք է ամբողջացնում, սակայն դրան զուգահեռ և կոնկրետ այս պարագայում՝ ՀՀ քննչական կոմիտեի թշվառությունն է արտացոլում: Այս առումով կարող ենք ընդամենը երկու հետևության հանգել, առաջին՝ Ա.Քյարամյանը կամ քաղաքական նպատակներով պայմանավորված ուղղակի ղեկավար ֆիգուր է և բնականաբար թքած ունի մարդկային կորսված կյանքերի վրա, իսկ քաղաքացու կողմից նրանից ակնկալվող օբյեկտիվ քննությունը՝ պատրանք, կամ երկրորդ՝ անտեղյակ է, չի տիրապետում իրավիճակին:

Հարց եմ ուղղում անձամբ Արգիշտի Քյարամյանին՝ Պարո՛ն Քյարամյան, Շիրակի մարզային քննչական վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Սամվելի Առաքելյանը նույն վարչությունում պարտակել է որդուս՝ Արտյոմ Ադանալյանի սպանության շարժառիթը, դեպքի վայրի առատ արյան հետքերով իրեղեն ապացույցներ, մատնահետքեր, դիակի լուսանկարներ, հանցագործության (դանակներ) գործիքներ, հանցագործության հետքեր պարունակող այլ առարկաներ, թմրանյութի նմանվող խոշոր չափերի հասնող զանգված, քրեական գործից անհետացել են նաև թվով-8 իրեղեն ապացույցներ և հետազոտված օբյեկտներ, պարտակել է անձանց, նպաստելով վերջինների փախուստին, ովքեր ներկա պահին սույն գործով ամբաստանվողի հետ խմբի կազմում կատարել են սպանությունը, հիմա ի՞նչ հիմքով և ո՞ր վաստակի համար եք Առաքելյանին նշանակել Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Եվ արդյո՞ք նշվածներս իրենից չի ենթադրում հաղորդում հանցագործության մասին և դուք, որպես քրեական հետապնդում իրականացնող մարմնի ղեկավար, պարտավոր չե՞ք հետևողականորեն միջոցներ ձեռնարկելու: Ի դեպ, շնորհավորում եմ Ա.Քյարամյանին՝ Արցախի ՔԿ նախագահի կողմից «Վաստակի համար» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ», - խոսքն ավարտում է Ռուզան Ադանալյանը՝ նշելով, թե իր հարցի կապակցությամբ ակնկալում է պատասխան, կամ պատրաստ է ցանկացած ձևաչափի հրապարակային քննարկման:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն