ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը գրել է.
«Քաղաքական թիմը ծանր պահին լքելու մասին թեզը նույնքան կեղծ է, որքան քաղաքապետի դեմ վերջին ամիսներին ծավալվող մեդիատեռորը։
ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը, երբ շատերիս արդեն պարզ էր, որ քաղաքապետ-ավագանի և քաղաքապետ-քաղաքական թիմ հարաբերություններն արդեն քայքայված են, իսկ քաղաքային տնտեսության կառավարման հարցում բախվող շահերը ոչ մի լավ տեղ չեն տանում։
Սկսվում է պատերազմը և, բնականաբար, մի կողմ են դրվում բոլոր տարաձայնությունները։ Պատերազմի ավարտից մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, քաղաքապետը ներկայացնում է կուսակցությունից դուրս գալու դիմումը, ինչի հիմնավոր պատճառների մասին հույս ունեմ առաջիկայում կխոսի։ Քաղաքական ճգնաժամի ու հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆոնին կուսակցության վերնախավը խնդրում է քաղաքապետին չհանրայնացնել իր այս որոշումը, ինչը և քաղաքապետը անում է։
Խորհրդարանական ընտրություններից առաջ Մարությանին մեղադրում են քաղաքական թիմին չմիանալու, չսատարելու և ընտրություններին չխառնվեու մեջ՝ լավ իմանալով, որ նա այլևս կուսակցական չէ։ Հանրության համար սա նույնքան տարօրինակ էր, քանի որ թե՛ հանրությունը, թե՛ ավագանու անդամների մեծ մասը այս գործընթացներից տեղյակ չէին։ Անկախ իր կարգավիճակից Մարությանը ոչ մի պարագայում վարչական լծակ չէր օգտագործելու:
Կուսակցությունից դուրս գալու մասին լուրը տարածվում է հենց կուսակցության կողմից այն ժամանակ, երբ հստակ ցուցում է տրվում պահանջել քաղաքապետի հրաժարականը։ Քաղաքապետը բնականաբար մերժում է այդ պահանջը, որից հետո գործի է դրվում ավագանին՝ ի կատար ածելու նեղ կուսակցական շահերից բխող և երևանցիների բարօրության հետ կապ չունեցող ՔՊ վարչության որոշումը։ Ավագանու այն անդամներին, ովքեր չեն կիսում այս քաղաքական որոշումը՝ կոչ է արվում վայր դնել իրենց մանդատը»։
Hraparak.am