Տեր-Պետրոսյանը չբացառեց ընտրություններից հետո Քոչարյանի եւ Սարգսյանի ուժերի հետ կոալիցիայի ստեղծումը
Չի բացառվում ընտրություններից հետո Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի ձեւավորումը։ Այս մասին հունիսի 10-ի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսից վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ նման առաջարկություն արվել էր, որը մերժվել է։ Նրա խոսքով՝ դրան վերադառնալն արդեն անհնար է։ «Այլ բան է, որ եթե ե՛ւ մենք անցնենք, ե՛ւ Քոչարյանն անցնի, Փաշինյանն անցնի, մյուսներն անցնեն, եւ ոչ ոք մեծամասնություն չունենա, ապա ստիպված կլինենք գնալ կոալիցիայի ձեւավորման։ Ես միշտ համերաշխության եւ կոալիցիայի կողմնակից եմ եղել։ Այդ երեւույթը, սակայն, կարող է նոր խնդիրներ առաջացնել, քանի որ կոալիցիաները վեց ամիսը մեկ կարող են փոխվել։ Արդյունքում՝ մենք կարող ենք հայտնվել այն երկրների թվում, որտեղ տարին մի քանի կառավարություն է փոխվում։ Դա վատ տարբերակ է, բայց, իհարկե, պետք է փորձենք»,- նշեց առաջին նախագահը։
Նա պարզաբանեց, որ եթե լինի իրավիճակ, որի դեպքում ստիպված կլինենք ընտրել վարչապետի թեկնածու Քոչարյանի եւ Փաշինյանի միջեւ, ապա ՀԱԿ-ը կփորձի սխալ որոշում չկայացնել։
Նյութը՝ News.am