«Այդ ամենը մեր տարածքի հետ կապ չունի». Նորավանի վարչական ղեկավարը՝ դիվերսիոն ներթափանցման փորձի մասին
Արդեն երկու օր է՝ համացանցում քննարկվում է, որ հայկական կողմը Սյունիքի մարզի Սիսիանի դիրքերի հատվածում գերեվարել է երկու ադրբեջանցու։ Նշվում է նաև, որ ադրբեջանցիները փորձել են դիվերսիոն ներթափանցման փորձ անել, որի արդյունքում էլ գերեվարվել են։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը լռում է։
ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը թեմայի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սիսիանից հյուսիս, Ծղուկ գյուղի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող հայկական ստորաբաժանումները գերեվարել են թշնամու երկու զինվոր, որոնք այժմ գտնվում են Երևանում:
«Սա կարևոր իրադարձություն է, որը վկայում է այն մասին, որ նոյեմբերի 16-ից ի վեր, մեր բանակը սկսում է ուղղել իր մեջքը, և կոշտ հակահարված է սկսում տալ թշնամուն:
Շնորհավորում եմ մեր զինվորականներին, և հույս ու վստահություն հայտնում, որ նրանք այսուհետև ևս իրենց կամքը կպարտադրեն Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ցանկացած թշնամու: Մեր կողմից էլ կանենք ամեն հնարավորը, որպեսզի մեր քաջարի եղբայրները պատվով իրականացնեն իրենց կարևոր առաքելությունը»,- գրել էր նա:
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Նորավան բնակավայրի գյուղապետ Սլավիկ Պապյանն ասաց, որ այդ գործողություններն իրենց բնակավայրից շատ հեռու են տեղի ունեցել։
«Այդ ամենը մեր տարածքի հետ կապ չունի։ Ես միայն այդքանը կարող եմ ասել»,- նշեց վարչական ղեկավարը։
Ինչ վերաբերում է դիվերսիոն ներթափանցման մասին լուրերին, Նորավանի ղեկավարն ասաց. «Մենք էլ ձեզ նման խոսակցություններ ենք լսել։ Թող Պաշտպանության նախարարությունը մեկնաբանի»։
Նշենք, որ համացանցում է հայտնվել ադրբեջանցի զինվորներին գերեվարելու տեսանյութը։
168.am