ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում մի առիթով նշել էր.

«Հիմնական մեր գործընկերը մնում է Ռուսաստանը, բայց համապատասխան սպառազինություն, որը կարող է նաև ՌԴ-ն չունենա, պիտի կարողանանք գտնել ՆԱՏՕ-ի կամ ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով: Օրինակ, Շվեդիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, արտադրում է շատ բարձրակարգ հրետանային համակարգեր: Ես կարծում եմ՝ ՌԴ-ն էլ իրեն լավ կզգա՝ այն, ինչ ինքը չունի, իր գործընկեր ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկիր կարողանա ձեռք բերել և դնել իր բանակի հիմքում: Այսինքն, մեր զինված ուժերը պետք է ունենան այնպիսի սպառազինություն, որը շատ արդիական է: Եվ պետք է չնայել՝ դա որտեղից պետք է ձեռք բերել, այլ՝ որտեղից հնարավոր է»:

Իրականում նախկինների օրոք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, եվրոպական պետություններից զենք գնվել է՝ ելնելով տվյալ պահի կամ ժամանակահատվածի անվտանգային խնդիրներից: Մասնավորապես, 2011, 2012, 2013 թվականներին, երբ առաջնագծում գործ ունեինք, այսպես ասած, դիպուկահարային պատերազմի հետ, և առաջնային խնդիր էր առաջնագծից դիպուկահարների երկկողմանի հեռացումը, ինչին Ադրբեջանը չէր գնում, իսկ հայկական կողմն էլ, բնականաբար, միակողմանի չէր գնալու դրան, այդ ժամանակվա իշխանությունները հայկական բանակի զինանոցը համալրում էին աշխարհում լավագույնը համարվող դիպուկահար հրացաններով:

Վերը նշված ժամանակահատվածը հայկական բանակի համար այս առումով բավականին հարուստ էր: Խոսքը, մասնավորապես, սերբական «M-93 Black Arrow» («Սև նետ»), բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանների մասին է: Իսկ 2012թ. հունվարին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցի ժամանակ հայտնի դարձավ, որ հայկական ԶՈՒ-ն ձեռք է բերել նաև ավստրիական «Steyr Mannliche» հանրահայտ ընկերության SSG 08 հրացանը:

Ավելի ուշ իմացանք, որ ՀՀ ԶՈւ-ն սպառազինված է նաև ֆրանսիական արտադրության PGM.338 դիպուկահար հրացաններով։ Վերևում թվարկված դիպուկահար հրացանները 2013 թվականին ցուցադրվեցին նաև Նոյեմբերյանի զորամաս այցելած լրագրողների համար:

Ի դեպ, Ադրբեջանը դժգոհություն էր հայտնել՝ հատկապես բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանների մատակարարման հետ կապված:

168.am-ին հասած տեղեկություններով, նախորդները կարողացել են ֆիննական փամփուշտներ ձեռք բերել, սակայն ավելի ուշ դրանք համարվել են թանկ, և որոշվել է գնել սերբական փամփուշտներ, որոնցից դժգոհություն է եղել, թե դրանք դիպուկահար հրացանների համար այնքան էլ արդյունավետ չեն:

Մեր տեղեկություններով, դա եղել է ԳՇ պետ Արտակ Դավթյանի օրոք՝ մինչև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը:

Նշենք, որ հաշվի առնելով դիպուկահարային պատերազմի փաստը, և այն, որ Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր կատարել դիպուկահարներին առաջին գծից հետքաշման պահանջը, որը հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցություններում բազմիցս բարձրացրել է, 2010-ին ՀՀ զինված ուժերի կազմում հիմնվեց մի առանձնահատուկ զորամաս՝ դիպուկահարների պատրաստության դպրոցը, որտեղ բարձրակարգ մասնագետներ են պատրաստվել ՀՀ ԶՈՒ-ի համար:




168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն