Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համաձայնեցրին ամերիկյան ռազմակայանները պահելու ծախսերը
Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնեցրել են այն ծախսերը, որոնք կապված են Ճապոնիայի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղաբաշխման հետ: Ինչպես դետեմբերի 20-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, այն հասել է 1,055 տրիլիոն իենի (9,29 միլիարդ դոլարի) 2022 ֆինանսական տարվա (2022 թվականի ապրիլի 1) սկզբից սկսած հնգամյա ժամանակամիջոցի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպսիսով, ծախսերի ամենամյա գումարը կկազմի 211 միլիարդ իեն (1,85 միլիարդ դոլար): Այն գերազանցում Է 201,7 միլիարդ իենը (1,78 միլիարդ դոլարը), որը Ճապոնիայի կառավարությունն ամերիկյան ռազմակայանների համար հատկացրել Էր ընթացիկ ֆինանսական տարում:
Ավելի վաղ Վաշինգտոնը, Kyodo-ի տվյալներով, Տոկիոյին կոչ էր արել բարձրացնելու համապատասխան ծախսերը՝ դա պատճառաբանելով ամերիկյան ռազմական ներկայության մեծացմամբ Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսներում՝ Պեկինի հետ հակասությունների սրման ֆոնին: Ճապոնիայի կողմից տրամադրված միջոցները հիմնականում հատկացվում են կոմունալ վճարների մարմանը եւ օբյեկտներում աշխատող տեղացի քաղաքացիների աշխատավարձերին:
Տոկիոն նաեւ հողատարածություն է տրամադրում ԱՄՆ-ի ռազմակայանների համար: Ներկայում Ճապոնիայում տեղաբաշխված են ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայողներ, ներառյալ ծովային հետեւակի դիվիզիան: ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Օկինավա հարավային կղզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am