Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես, երբ կան հաստատված գերիներ։

«Վերադարձը հիմնականում կազմակերպվում է քաղաքական գործընթացների շրջանակում, կամ Ռուսաստանի Դաշնությունը, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, կամ Եվրոպական միությունը իրենց քաղաքական ազդեցությունը օգտագործելով՝ կազմակերպում են վերադարձը։ Տեսնում եք, որ այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովվում, և դա էլ միգուցե տրամաբանական է, քանի որ կան ընթացող քաղաքական մեծ գործընթացներ, որտեղ ներգրավված են միջազգային դերակատարները, և ահա այս պրոցեսների շրջանակներում լուծվում են  նաև որոշ մարդասիրական խնդիրներ»,- ասաց նա։

Հարցին՝ կա՞ն տեղեկություններ, թե այս պահին քանի հաստատված գերի կա Ադրբեջանում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․

«Հաստատված գերիները շուրջ 50-ն են, իսկ ինչ վերաբերում է չպաշտոնականացվածին, հավելյալ 80 անձի մասին ենք մենք խոսում»։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև  Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, ազատությունից զրկելու  իրավապահ մարմինների գործողություններին, նա հատկապես անթույլատրելի համարեց դրանց մասին հրապարակային հայտարարություններ անելն ու խոսելը․

«Իրավական և բարոյական առումով՝ չեմ կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն։ Նրանց առողջական վիճակը և այլ հանգամանքներ իսկապես չեն արդարացնում անազատությունը։ Ես չեմ տեսնում ռիսկեր նաև նրանց փախուստի դիմելու կամ քննությունից թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու առումով։ Եթե նրանք փախուստի դիմելու նպատակ ունենային, իրենց կամարտահայտության հիման վրա կտեղափոխվեին 3-րդ երկրներ։ Նրանք հիմնականում գալիս են խոցելի վիճակում, ընտանիքները գտնվում են ծանր բարոյական, նյութական վիճակում, և չեմ կարծում, որ իրատեսական է այս անձանց կողմից վարչական ռեսուրսներ իրացնող սուբյեկտների գործունեությանը միջամտելը, քրեական վարույթին միջամտելու ռիսկեր իսկապես չկան: Կարծում եմ՝ նրանք, անկախ իրենց մեղսագրվող արարքներից, պետք է մնան ազատության մեջ, նրանց առնչությամբ կարող են այլ խափանման միջոցներ կիրառվել, և երբ քննությունը հանգամանալից կկազմակերպվի  և արդյունքներ կտա, մենք կխոսենք, թե ինչ արարքներ են կատարվել, դրանք հիմնավոր են, թե ոչ․․․»։

Իրավապաշտպանը շեշտեց, որ, ինչպես ինքը կանխատեսել էր, իշխանությունների հայտարարություններն Ադրբեջանը շահարկեց, հայտարարելով, որ իրենք վերադարձնում են հայ ռազմագերիներին, իսկ Հայաստանում նրանց ձերբակալում են, կալանավորում են, խոշտանգում են։

«Կարճ ժամանակ անց միջազգային ատյաններում կտեսնենք, թե ինչպես են կասկածի տակ դնում գերիների ցուցմունքները, քննչական մարմիններին, որտեղ նրանք հայտնել են խոշտանգումների կամ այլ հանգամանքների մասին, և Ադրբեջանը փորձելու է ներկայացնել, որ նրանց ձերբակալում են, կալանավորում են, խոշտանգում են և ստանում են իրականությունից դուրս, Հայաստանին արժանի ցուցմունքներ, և իրականում այդ անձինք ոչ թե խոշտանգվել են, այլ ՀՀ իշխանության սպառնալիքի ներքո տվել են սուտ ցուցմունքներ խոշտանգումների մասին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը, ապա հավելեց, որ պետք է ավելի զգուշավոր գործել, անգամ, եթե հիմքեր կան, և քննություն պետք է իրականացվի, ապա դա չի կարող լինել հրապարակային։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն