«Ինձ՝ որպես իրավաբանի, վիրավորում է այն, որ մեր գործընկերներն ազատ արձակվեցին Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշմամբ միայն: Առավել վիրավորում է, որովհետև ես դեռ հուլիսի 27-ին գրավոր դիմել էի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ կից ներկայացնելով գործընկերներիս ստացած մանդատը, հորդորել էի ղեկավարվել Սահմանադրության 96-րդ հոդվածով ու վերացնել կալանավորումը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմամբ՝ իրենց խմբակցության 3 կալանավորված պատգամավորների ազատ արձակվելուն:

Պատգամավորը նշում է՝ ԱԺ առաջին նիստին՝ օգոստոսի 2-ին, ինքը 3 անգամ բառացի ընթերցել է Սահմանադրության 96-րդ հոդվածը:

«Ես հիշում եմ՝ ինչպես իշխանական խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը կարծիք արտահայտեց՝ իբրև 96-րդ հոդվածը կիրառելի չէ, ու ես նույնիսկ պնդում արեցի, որ այն իրավաբանը, ով նման պնդում կանի, իրավաբանության հետ առնչություն չունի: Բայց մենք տեսանք այն, ինչ տեսանք: Ես դա պատահական չասացի, որովհետև գիտեի, որ ինքը գիտի՝ 96-րդ հոդվածը կիրառելի է: Ես վստահ եմ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ գիտեր դա, Գևորգ Բաղդասարյանն էլ»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ վաղ թե ուշ այս ամենի համար պատասխանատվություն լինելու է:

Պատգամավորը նշում է՝ մի բան պարզ է. դատախազությունը պետք է իր լիազորությունների տիրույթում մնա:

Անդրադառնալով Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ հաղթած ընդդիմադիր համայնքապետերի կալանավորումներին ու դրանց նպատակին, Արամ Վարդևանյանն ասաց, որ դրա նպատակը մարդկանց վախի մթնոլորտում պահելն է:

«Եկեք անկեղծ լինենք. մենք գտնվում ենք բռնապետության ռեժիմի ներքո: Բռնապետության ռեժիմի համար պարտադիր է, որ մթնոլորտը լինի այնպիսին, որ այդ ճնշումն այլակարծության նկատմամբ լինի ընդգծված: Դրա համար են այս կալանավորումների ֆետիշացումները: Բռնապետության տրամաբանությունից է բխում, որ կարող է Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածել ու ասել, որ ողջունում է այն, որ մի շարք տեղերում չի հաղթել իշխանական թեկնածուն, և հենց այդ բոլոր տեղերում կամ մարդկանց ձերբակալեն, կամ կալանավորեն, կամ վախեցնեն այնպես, որ այդ նույն մարդիկ հետո գան ու ավագանու նիստում այդ մասին հայտարարեն»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Վերջինս հիշեցնում է, որ Վանաձորի ընտրություններում հաղթած Մամիկոն Ասլանյանի դեպքում պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ քրեական գործ է հարուցվել, տարածվել է դեռևս սեպտեմբերին, սակայն նրան կալանավորում են դեկտեմբեր ամսին:

«Դուք հիշում եք որևէ դեպք, որ քաղաքական հնչերանգ ունեցող որևէ գործով մեղադրյալը չկալանավորվի՞… Բռնապետության ողջ դաժանությունն այն է, որ բոլորի դռներին հասնում է: Հետևաբար վախենալով՝ այդ խնդիրը չի լուծվելու, ավելի է սրվելու»,- նկատեց պատգամավորը:

Արամ Վարդևանյանը վստահ է՝ այս իշխանությունները խնդիր ունեն դատարանների անկախության հետ:

«Դա իրենք չեն թաքցնում: Դրա համար էլ ստեղծել են մինչդատական վարույթի գործերով, կալանք տվող դատարան և նույնն էլ ապահովում են վերաքննիչ քրեական ատյանում: Ավելին ասեմ. վստահ եմ, որ օրերս համակարգչային մակագրման համակարգը կվերադարձվի, որովհետև էլ պահելու կարիքը չկա»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինչ-որ փուլում կանխատեսո՞ւմ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կալանավորումը՝ հաշվի առնելով նրա շուրջ տեղի ունեցող խմորումները, Արամ Վարդևանյանը պատասխանեց՝ եթե անվստահությունը չստացվի, և նա շարունակի պաշտոնավարել, կարծում է՝ այդ կալանավորումը կլինի:

«Որովհետև այս իշխանությունների գործելաոճն է այդպիսին: Կլինի՞, թե՞ ոչ, կտեսնենք, բայց այն փաստը, որ այս իշխանությունները չեն հանդուրժում այլակարծությունը, միանշանակ է: Չհանդուրժելը երկու ձևով է դրսևորվում՝ կարգապահական միջոցներ և քրեադատավարական միջոցներ: Առաջինն արդեն սկսել են»,- ասաց Արամ Վարդևանյանը:

ԱԺ պատգամավորն անթույլատրելի համարեց նաև գերությունից վերադարձածների կալանավորումը:

«Ես այնպես կուզենայի հասկանալ այն դատավորին, որը կալանավորում է սահման պահած մարդուն: Ես գերի ընկնելու հանգամանքներին գնահատական տալ չեմ կարող: Ես հիմա այստեղ եմ նստած, դատավորը՝ դատարանում, հետո՝ տանը, շատ նորմալ պայմաններում, իսկ մարդիկ չափազանց ծանր, ծայրահեղ վատ պայմաններում փորձում են սահման պահել: Ես մարդկայնորեն դա չեմ ընկալում: Նախ ինչո՞ւ այս գործընթացը պետք է հանրայնացվի, ինչո՞ւ զինվորի կերպարին պետք է միջամտել: Հազարավոր գործեր քննվում են, ու դրանք չեն հանրայնացվում: Ինչի՞ համար եք կալանավորում, ո՞րը կարող է դրա հիմքը լինել: Ի վերջո, գերեվարությունից վերադարձած մարդու նկատմամբ չի կարելի կալանավորման միջնորդություն ներկայացնել՝ հաշվի առնելով նրանց հոգեբանական վիճակը, առողջական դրությունը: Սա իրավունքների կոպիտ խախտում է»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն