ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց Տիգրան Արզաքանցյանի գրանցումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվեց ԿԸՀ հունիսի 10-ի նիստում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ում ստացվել է գրություն՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից: «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի գրությամբ փաստվում է, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը չի հանդիսանում վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, հետևաբար չունի ընտրվելու իրավունք: Նման եզրահանգման է հանգում նաև ԿԸՀ-ն՝ սույն վարույթի շրջանակում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց, որ Արզաքանցյանը դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 1005 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
Մուկուչյանի խոսքով՝ փաստաթղթերում հիմնական խնդիրը վերաբերել է երկու տեղեկանքի և այդ տեղեկանքների կապակցությամբ բուհի ռեկտորի ներկայացրած գրությանը, որով ըստ էության հերքվել է նախորդ գրությունների բովանդակությունը: Խնդիրը կապված էր Մոսկվայում ուսանելու տարեթվերի հետ:
ԸՕ-ով սահմանվել է, որ քաղաքացին վերջին 4 տարում Հայաստանում մշտական բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից: Սահմանվել է նաև ՀՀ-ից բացակայությունը հարգելի համարելու 2 հիմք, որոնցից է արտերկրում ԲՈՒՀ-ում ուսումնառությունը: Կատարված ուսումնասիրություններով հերքվել էին Մոսկվայում ուսումնառության տարեթվերի վերաբերյալ գրառումները:
Արզաքանցյանի անունից ԿԸՀ նիստում հանդես եկավ փաստաբան Վահե Հովսեփյանը: Նա նշեց, որ փաստաթղթերում կան անճշտություններ, խնդրեց 24 ժամ՝ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու համար: Սակայն Մուկուչյանը հիշեցրեց Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների մասին, այն մասին, որ էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկելու է հաջորդ օրը՝ հունիսի 11-ին: «Ժամկետի տրամադրմամբ պայմանավորված՝ մենք կարող ենք հայտնել օրենսդրական փակուղում: Անկեղծորեն չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մեկնարկել գործընթաց, որի կեսից կարող է փոխվել կանոն»,-ասաց նա:
Երկարատև քննարկումներից հետո Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ նիստում քվեարկությամբ ստացավ 5 կողմ, 1 դեմ ձայներ, այսպիսով ընդունվեց: