Թուրք բանագնացը գայլ է, Ռուբինյանի պես գառնուկին կուտի. սա հատուկ պրոթուրքական որոշում էր. Լոքմագոզյան
Թուրքիայի հետ հատուկ բանագնաց նշանակելով Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, Հայաստանը հերթական զիջումն է անում Թուրքիային ու դա անում է ոչ թե կադրային սխալ քաղաքականության հետևանքով, այլ հատուկ մշակված ծրագրով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնաով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատմանն ու այդ նպատակով երկու երկրների կողմից նշանակված հատուկ բանագնացներին, ասաց թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը, որն օրերս է վերադարձել Ստամբուլից՝ Կոստանդնուպոլսից։
«Թուրքիայում հիմա մենք ունենք մոտ 30 հազարանոց շատ թույլ հայ համայնք. նախկինում այդ թիվը մոտ 150 հազարի էր հասնում։ Թուրքիայում հայկական համայնքի վերջը տալու են խառը ամուսնությունները, որովհետև մեր հայերն ամենաշատն ամուսնանում են հենց թուրքերի հետ։ Կստացվի, որ մի դեպքում մեր համայնքը Թուրքիայում ունի առավելագույնը 20 տարվա կյանք, մյուս դեպքում՝ Հայաստանը ցանկանում է բացել Թուրքիայի հետ սահմանը, որից մեր այնտեղի համայնքը չի շահի, բայց կտուժի Հայաստանը։ Հենց այդ նպատակով է, որ Ռուբեն Ռուբինյանին նշանակել են բանագնաց. որը պետք է խոսի թուրքական կողմից նշանակված դիվանագիտության հին գայլի հետ. այդ գայլը մեր խեղճ գառնուկին ուտելու է։ Ու եթե նպատակը հենց դա էլ չէր, այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ հայկական կողմը Թուրքիայի հետ բանագնաց չնշանակեց մեր դիվանագիտական կորպուսում աշխատած ու բազմամյա փորձ ունեցող մեկին, այնպես որ, կրկնում եմ՝ Ռուբեն Ռուբինյանի քայլը հակահայկական քայլ է՝ հատուկ պրոթուրքական որոշում, ու նրան հատուկ նշանակեցին, որ նրան ուտեն»,- ասաց թուրքագետը։
Նրա փոխանցմամբ՝ Ռուբեն Ռուբինյանի տապալումից հետո Հայաստանի իշխանությունը պատերազմի պարտության համար մեղավորներ է կարգելու քաղաքականությանը հավատարիմ, մեղավոր է կարգելու նրան ու Արտգործնախարարությանը՝ մոռանալով, որ այդ դժվար գործին նշանակել է դիվանագիտական զրոյական փորձառություն ունեցող մի դիվանագետի։
«Այս ամեն ինչը՝ ներառյալ Արցախի վերջին պատերազմը, Հայաստանը կործանելու ծրագիր է, որն իրագործվում է Հայաստանի իշխանությունների, հովանավորվում՝ արտաքին ուժերի կողմից՝ դա ներկայացնելով որպես տնտեսության բարելավմանն ու զարգացմանը միտված քայլ, սակայն հարց է առաջանում, մի՞թե Թուրքիան մեր մեծ եղբայրն է, որը լավություն պետք է անի մեզ. Դե, եթե նման ցանկություն ունենար, լավությունը կաներ, գործարան կդներ Վանում, բայց անգամ Վանում չի դնում, որ քրդերը չհարստանան։ Այսօր թուրքերը Վրաստանում են, ամբողջ Բաթումը թուրքական տարածք է դարձել, ու Թուրքիան տնտեսությունն օգտագործում է՝ որպես քաղաքական հարցերի լուծման միջոց։ Դա անում է Վրաստանում, դա անելու է նաև Հայաստանում։ Հայաստանն այդ ի՞նչ տնտեսություն ունի, որ դիմակայի Թուրքիայի տնտեսությանը, այնպես որ, եթե այսօր հայ առևտրականն ուրախանում է Թուրքիայի հետ սահմանի բացմամբ, ապա այդ առևտրականն իր կախաղանի պարանն է քաշում»,- ասաց Լոքմագոզյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
168.am