«Հենց հիմա դիմակավորված համազգեստավորները բերման են ենթարկում Գառնիկ Իսագուլյանին»․ Սամսոնյան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին:
Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:
Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին:
Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Գ.Ի.-ն արդեն իսկ մեղադրվում է նույնական և համասեռ՝ ՀՀ Վարչապետի, նախկին և ներկա մի շարք պաշտոնատար անձանց ու հասարական գործիչների (1-ին դրվագ), ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահի (2-րդ դրվագ), Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի (3-րդ դրվագ) վերաբերյալ սուտ մատնություն կատարելու, ինչպես նաև ՀՀ Վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (մեկ դրվագ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Hraparak.am