«Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ իր հունով է գնում, բայց երկրում լարվածության մեծ աստիճան կա: Եթե տարին ենք ամփոփում, նշեմ, որ այս տարվա ԱԺ արտահերթ ընտրությունները որևէ խնդիր չլուծեցին, չհանգուցալուծեցին մեր հասարակության առջև կանգնած խնդիրները և այն սպասելիքները, որ քաղաքական ճգնաժամը երկրում կլուծվի»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝շեշտելով, որ ճգնաժամը ոչ թե հաղթահարվել, այլ ավելի է խորացել:

«Մարդկանց անվստահությունը գործող վարչախմբի նկատմամբ գնալով սրվել է, և դրա վառ ապացույցն է նաև ՏԻՄ ընտրությունները: Մենք լավ տեսանք, որ գործող վարչախումբը չստացավ այն քանակի ձայներ, աջակցություն, որը թեկուզև ստացել էր ամռանը: Այսինքն, իշխող ուժի վարկանիշը գահավիժում է, և այդ ամենը համեմված է արտաքին աշխարհում Հայաստանի նվաստացման հերթական պատմություններով: Օր օրի ՀՀ-ն դառնում է թուրքերի, ադրբեջանցիների և թուրքադրբեջանական տանդեմի ինչ-որ նվաստացած պետություն»,- հավելեց Վահան Բաբայանը:

Նա շեշտեց՝ վերջին ընտրություններին, որոնք անցել են վախի և տեղեկատվական տեռորի մթնոլորտում, միևնույն է՝ ԱԺ են վերադարձել նախկին նախագահների ղեկավարած կառույցները, դաշինքները:

«Այսինքն, ստացվեց, որ իրականում մարդիկ այսօր էլ ընտրելու են, այսպես կոչված, նախկինի և ներկայի միջև, որովհետև ինչքան էլ փախչեն, վատաբանեն նախկինը, փաստը մնում է փաստ, որ վերջին 20 տարիները, մինչև հեղափոխությունը, ՀՀ-ն եղել է արժանապատիվ պետություն, որին ներկայացրել են արժանապատիվ ղեկավարներ, ովքեր կարողացել են բացահայտ առաջ տանել մեր շահն աշխարհում: Մենք ունեցել ենք անվտանգ և ազատ Արցախ, և հույս, որ վաղը ավելի լավ պետություն ենք կառուցելու: Այս մարդկանց՝ իշխանության գալուց հետո մենք ունեցանք հակառակը. կորցրած Արցախ, հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ, տնտեսական անկումներ, արտագաղթ: Այն ժամանակ, ինչքան էլ եղել են խնդիրներ, բացասական երևույթներ, որոնց մասին բազմիցս խոսել ենք, բայց այն ժամանակ մարդը գիտեր, որ ապրում է անվտանգ երկրում, որ իր երկրի ղեկավարի հետ հաշվի են նստում աշխարհում»,- նկատեց Վահան Բաբայանը:

Անդրադառնալով ՀՀԿ 17-րդ համագումարին՝ բանախոսն այն պատմական համարեց՝ ընդգծելով, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ մեսիջներ է հղել և՛ ներքին, և՛ արտաքին լսարանի համար:

«ՀՀԿ-ն ցույց տվեց, որ այդքան հարվածներ ստանալով, հեռացվելով իշխանություններից՝ այսօր ընդդիմության ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկն է: Այսօր ՀՀԿ նախագահը կրկին պայքար է սկսել, և այդ պայքարը սկսվել է դեռևս Արցախյան շարժման տարիներից՝ Արցախի և Հայաստանի ազատության համար, որովհետև այսօր, բոլոր խնդիրներից բացի, որոնք կուտակված են մեր երկրի առջև, մենք ունենք ազատ ապրելու խնդիր»,- նշեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահը:

Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն ինքնամաքրվել է, դարձել է մարտիկների, հայրենասերների, մինչև վերջ պայքարող քաղաքացիների մի կուռ կառույց:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն