Ստացել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշումը, որով նա բավարարել է մեր բողոքը և ոչ իրավաչափ է ճանաչել Արմեն Գևորգյանի կնոջ մորաքրոջ որդու՝ Սերգեյ Մինասյանի գույքի վրա կալանք դնելու մասին ՀՔԾ քննիչ Ա․Սարգսյանի արդեն երկրորդ որոշումը։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վայելեք որոշումից մեկ հատված

«Դատարանի գնահատմամբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի կարող ունենալ սխալները շտկելու գործառույթ, իսկ տվյալ դեպքում ստացվում է, որ քննիչը խախտումը վերացնելու փոխհարեն նախկին որոշումը դատական ակտի հիմա վրա զուտ փոփոխության է ենթարկել՝ կատարելով զուտ տեխնիկական շտկումներ կամ ավելացնելով՝ դատական ակտում արձանագրված խախտմանը հակառակ միտք։ Այլ կերպ՝ ստացվում է, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արված դատողությունները քննիչի համար պարտադիր չեն եղել։ Արդյունքում դատարանը գտնում է, որ այդ մասով առկա է վարույթն իրականացնող մարմնի չվերացված պարտականությունը և սույն դատական ակտով դատարանը նշված նպատակների իրավաչափությանը լրացուցիչ չի անդրադառնում։ Դատարանն արձանագրում է, որ նման եղանաքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պահանջների կատարումն անթույլատրելի է և անհամատեղելի իրավունքի գերակայության սկզբունքի, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների հետ։ Դեռ ավելին՝ մինչև դատարանի կողմից իրավունքների խախտումը արձանագրելը ու քննիչի կողմից հաջորդ որոշմամբ ՁԵՎԱԿԱՆՈՐԵՆ խախտումը վերացնելը կամ գույքի նկատմամբ կալանք կիրառելու այլ նպատակի ավելացումը գործով որևէ հանգամանք չի փոխվել, փաստական տվյալ կամ ապացույց ձեռք չի բերվել և դատարանին չի տրամադրվել։Այսինքն՝ նույն փաստական հիմքերի առկայության պայմաններում առանց հավելյալ դատողության, գնահատման ու պատճառաբանության ավելացվել է գույքի բռնագանձման նպատակը, որն ինքնին վկայում է գույքի վրա կալանք դնելու նշված նպատակի բացակայության մասին»:

Ես որոշեցի դատական ակտից վերը նշված հատվածը մեջբերել, քանզի ՀՀ գլխավոր դատախազը երեկ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նշեց նախաքննության մարմինների և դատախազության այժմյա բարձր որակի մասին։ Հարգելիներս Դուք գոնե հասկանում եք, որ սույն դատական ակտով ոչ միայն փաստվեց այն հանգամանքը, որ այստեղ առհասարակ որակի մասին չենք կարող խոսել, այլև այն, որ քննիչի ու դատախազի գործողություններում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ։

Հորդորում եմ Ձեզ բարձր խոսքերի փոխարեն հետևել օրինականության սկզբունքին և դադարել Արմեն Գևորգյանի և նրա հարազատների նկատմամբ ապօրինի հետապնդումները, քանզի մշտապես ստիպված եք լինելու ունենալ մասնագիտական նման արդյունքներ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն