Ստորև բերված աղյուսակներից արձանագրենք մի քանի փաստեր (2021թ․-ի տվյալները բերված են այս պահի պաշտոնական վերջին հրապարակումներից)․

1․ Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ 25 տոկոսը։ 2020թ․-ի հունվարի 1-ից հետո նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17,1 տոկոսով։

2․ 2018թ․-ի, ինչպես նաև 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին անվանական աշխատավարձն աճել է ավելի պակաս տեմպերով, քան համապատասխանաբար արձանագրված սպառողական գները։ Այլ կերպ ասած՝ 2018թ․-ից հետո աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։

3․  2018թ․-ից հետո սոցիալական նպաստի բազային և միջին չափերը չեն ավելացել, իսկ սպառողական գներն ու նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել են 15,5 տոկոսով։

4․ 2018թ․-ի համեմատ նվազագույն կենսաթոշակի չափն աճել է 3,9 տոկոսով՝ շուրջ չորս անգամ պակաս, քան սպառողական գների գումարային աճը։ Հիմնական կենսաթոշակի չափն աճել է 3 տոկոսային կետով պակաս՝ սպառողական գների գումարային աճից։

5․ 2021թ․-ին չեն ավելացել, 2022թ․-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։ Սակայն միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7 տոկոսից ավել աճ, իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսում է մինչև 5,5 տոկոս աճ։

6․ Շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելանալու նաև հաջորդ տարի։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակները կավելանան առաջին անհրաժեշտության ապրանքների կանխատեսվող գնաճի համեմատ պատիկներ անգամ պակաս չափերով՝ ընդամենը 2-3 հազար դրամով։

Այս փաստերն ակնհայտ վկայում են․

• 2021թ․-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները,

• ընդ որում՝ 2019թ․-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ․-ին և պահպանվելու են 2022թ․-ին,

• 2022թ․-ի պետական բյուջեի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։

Ի դեպ, ընդիմադիր պատգամավորների բազմաթիվ առաջարկներ, որոնք ուղղված էին 2022թ․-ի պետական բյուջեի նախագծի հակասոցիալական ընդգծված բնույթը մեղմելուն, այդպես էլ չընդունվեցին։ Փոխարենը՝ օրվա իշխանությունները հերթական անգամ տվեցին ականջահաճո, սակայն օր-օրի բացահայտվող կեղծ խոստումներ։



Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ կուսակցության անդամ

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն