Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստան այցելությունների թվով Ֆրանսիան բացարձակ առաջատար է, ինչի հիմքում են երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամական հարաբերությունները եւ քաղաքական սերտ փոխգործակցությունը:
«Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Վալերի Պերկեսին նրա գլխավորած Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձեւի, ինչպես նաեւ՝ պատերազմի հետեւանքով տեղահանված բնակչության կարիքներին ուղղված 75 հազար եվրո օգնություն հատկացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է:
«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կարեւորել է Հայաստանի հետ բազմաբեւեռ փոխգործակցությունը՝ նշելով, որ այդ պատճառով է որպես նախագահի թեկնածու իր առաջին այցը Հայաստան կատարել: Նրա խոսքով՝ երկու երկրները նույնական համամարդկային արժեքների կրողն են եւ Հայաստանին վերաբերող խնդիրները չեն կարող անտարբեր թողնել Ֆրանսիային»,- հայտնում են ՀՀ ԱԺ-ից՝ հավելելով, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակին, չլուծված հումանիտար խնդիրներին եւ մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերի:
Այդ համատեքստում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայերի հայրենադարձման առաջնահերթությունները: Վալերի Պեկրեսը կարեւորել է միջազգային հանրության դերը հակամարտության հանգուցալուծման գործընթացում:
Նշվում է, որ հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ անկախ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքներից Ֆրանսիայի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը շարունակական է լինելու:
Politik.am