ԱԱԾ-ն անցել է Հայկ Մարությանին
Հայկական զլմ-ներն այսօր գրել են, որ ԱԱԾ-ն«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում տեղի ունեցած չարաշահումների մասով քերական գործ է հարուցել: Հիմնարկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է՝ Արմեն Գրիգորյանը: Անանուն աղբյուրը պատմել է, որ նա բեռնատար մեքենաների անվադողերը վաճառքի է հանել, հիմնարկի մի շարք աշխատողներ աշխատավարձ են ստացել, սակայն աշխատանքի չեն գնացել։ Խոսվում է նաեւ պարգեւավճարների վերադարձի մասին։
Այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստում քննարկելու է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, որը նախաձեռնել է իշխող Իմ քայլը մեծամասնությունը, որն իր քայլը բացատրում է նրանով, որ Հայկ Մարությանը, դուրս է եկել ՔՊ-ից, կապ չէր պահում խմբակցության հետ եւ այլն։ Միեւնույն ժամանակ, քննադատություններ են հնչում, որ ՔՊ-ն առաջնորդվում է ոչ թե հանրային, այլ նեղ կուսակցական շահով։ Եվ ահա, երեւանցու շահը «հիմնավորելու» համար մեջտեղ է բերվում կոռուպցիոն բաղադրիչը, որի մասին ակնարկ կար ԻՔ խմբակցության հայտարարության մեջ, եւ անվստահություն հայտնելու օրը տարածվում մամուլով։
Հայկ Մարությանը կողմնակիցներ ունի Իմ քայլը խմբակցությունում եւ հայտարարել էր, որ պայքարելու է։ Նրա դեմ է կոնսոլիդացվել նաեւ ԲՀԿ-ն, որի օդիոզ ներկայացուցչին ՔՊ-ն թույլ տվեց քաղաքապետ դառնալ Աբովյանում։
Lragir.am