Մանկական եվրատեսիլի ադրբեջանցի մասնակցի հետ մրցույթի ընթացքում չենք շփվել, սակայն երբ հաղթեցի, նա մոտեցավ ինձ, գրկեց ու շնորհավորեց։ Այս մասին Փարիզից վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մասնակից, մրցույթի հաղթող Մալենան։

Նա նշեց, որ ոչ մի թշնամանք չունի Սոնա Ազիզովայի դեմ, քանի որ նա էլ իր պես աղջիկ է։

Լրագրողների հետ զրույցում Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ասաց, որ ակնկալում են Եվրոպական հեռարձակողների միության հետ սերտ համագործակցություն և հույս ունեն, որ ավելի շատ երկրներ կմասնակցեն 2022 թվականի մրցույթին, քան այս տարի։

«Ինքնաթիռի մեջ արդեն որոշում էինք՝ ոնց ենք ամեն ինչ կազմակերպելու, իրականում դա հսկայական աշխատանք է»,- ասաց Ծերունյանը։

Նշենք, որ երեկ Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտնել են, որ դեկտեմբերի 19-ին Փարիզում տարած հաղթանակի շնորհիվ՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում։

Հիշեցնենք, որ 14-ամյա Մալենայի «Քամի քամի» երգը հաղթեց 19-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ: Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է մրցույթում։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն