Ես այս ամբողջ գործընթացը համարում եմ անարգանք ժողովրդավարության և երևանցու քվեի հանդեպ․ Հայկ Մարության (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում իրեն, հանդես եկավ ելույթով։ Ի թիվ այլ հարցերի նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչ մեթոդներով է իշխանությունն իրականացնում իրեն անվստահություն հայտնելու գործընթացը։
«Սկզբում մամուլում ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, որ իբր հանդիպել եմ ինչ–որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ–որ բաներ եմ պայմանավորվել։ Մանիպուլացնում են, թե ինչ–որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու չեն նշում, որ դա իրականացվել է կառավարության 912 N որոշման հիման վրա, որի դեմ մենք 3 տարի է՝ պայքարում ենք, բայց կառավարությունը համառորեն թողնում էր ուժի մեջ, որ այդ նույն որոշմամբ օրինականացվում են նաև իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները»,– ասաց նա և նշեց, որ քաղաքապետարանը ստիպված է շարժվել կառավարության որոշումներով։
«Այնուհետև սկսեցին գործի դնել շանտաժի գործիքներ, ավագանու մի շարք անդամներին՝ ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ, բառացի մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին՝ փողիցդ կկտրենք՝ հին ու բարի մեթոդներով։ Կարճ ասած ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ և անարգանք երևանցու քվեի հանդեպ։ Կարծում եմ, որ դուք ձեր սկսածը, միևնույն է, ավարտին եք հասցնելու, ուստի քանի քաղաքապետ եմ, խնդրում եմ ծառայությունների բոլոր ղեկավարներին իրենց աշխատանքը շարունակել կատարել բարձր պատասխանատվությամբ»,–ամփոփեց նա։
Tert.am