Ես գոհ եմ պարոն Մարությանի աշխատանքից, այն բոլոր ծրագրերը, որ սկսել ենք 2018-ից, պետք է ավարտին հասցնենք։ Ես պարոն Մարությանի հետ ընդհանրապես խնդիրներ չեմ ունեցել, շատ լավ աշխատել ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ ինքը անկուսակցական է և հարցին, թե արդյոք խզվածություն չի առաջանա քաղաքական թիմի անդամ չլինելու պատճառով, Սարգսյանը պատասխանեց, որ ոչ։

Դիտարկմանը, թե չի կարծում, որ որոշակի անհամաձայնությունների դեպքում իր նկատմամբ ևս կարող է կրկնվել նույն սցենարը, ինչ Մարությանի դեպքում, Սարգսյանը պատասխանեց.

«Ես այդպես չեմ կարծում, եթե կլինեն այնպիսի իրավիճակներ, որ դա անդրդվելի է և իմ սկզբունքներին դեմ, ես պատրաստ եմ այդ պաշտոնից հրաժարվել։ Եթե օրենքի շրջանակներում որևէ խախտում անեմ, ապա պատրաստ եմ կիսել այդ պատասխանատվությունը։ Այս պահի դրությամբ կա ճգնաժամ ավագանու և կառավարության միջև և այդ ճգնաժամի հաղթահարման համար ես իմ համաձայնությունն եմ տվել վերցնելու այդ պատասխանատվությունը, եթե վստահություն չունենայի, չէի վերցնի այդ պատասխանատվությունը։

Ինքս պարոն Մարությանի աշխատանքից դժգոհ չեմ, մենք թիմային աշխատանք ենք ունեցել։ Ինձ առաջադրել են ավագանու «Իմ քայլը»–ի ներկայացուցիչները, Փաշինյանի հետ այս ընթացքում հանդիպում չեմ ունեցել։ Մենք ունենք երկու տարի ժամանակ, այս ընթացքում բավականին ֆունդամենտալ աշխատանք ենք կատարել, որը թույլ կտա հաջորդ երկու տարիներին այդ ծրագրերը ավարտին հասցնել»։

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ավտոբուսների ծրագրի հետ կապված մոտեցումների տարբերություններ են եղել կառավարության և քաղաքապետարանի միջև։ «Ես կողմ էի ավտոբուսների ծրագրին, կարծում եմ՝ այն ֆինանսական միջոցները, որ ծախսվել են ավտոբուսներ ձեռք բերելու համար, համարժեք գումար է եղել»։

Հարցին, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան Երևանի քաղաքապետարանում, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ակնհայտ կոռուպցիոն դեպքեր չկան, եթե կան, ապա իրավապահ մարմինները դրանցով զբաղվում են, տարբեր ասեկոսեներ կան, քանի իրավապահ մարմինների կողմից չի հաստատվել, դրանք համարվում են ասեկոսե։ Աղբահանության ոլորտում կա հարուցված քրեական գործ, ինչքան գիտեմ գործը ԱԱԾ-ում է, ավել տեղեկատվության չեմ տիրապետում»։

Պատասխանելով այն հարցին` կիսո՞ւմ է իշխող կուսակցության օրակարգը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Սարգսյանը նշեց. «Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ հարևանների հետ մի շարք փոխհարաբերություններ պետք է ունենանք, բայց այդ փոխհարաբերություններին անցնելու համար դեռ շատ ժամանակ կա, վտանգներ, այնուամենայնիվ, տեսնում եմ»։

Հրաչյա Սարգսյանը նաև նշեց, որ կիսում է իշխող կուսակցության քաղաքական օրակարգը և գիծը, թեև կուսակցական չէ։ «Ինձ առաջադրելուց առաջ դրվել են հստակ պահանջներ, որ պետք է արդյունավետ կառավարում  և համատեղ  ծրագրեր իրականացնենք»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն