Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում ԱԺ նախագահը պետք է էշով ման չգա. Խաչատուր Սուքիասյան
Ես մի բան ասեմ, Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քննադատություններին, թե երկրում մոտ 30 տոկոս աղքատության պարագայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց մեքենա են գնում։
«ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա»,- ասաց նա։ Պատգամավորի դիտարկմամբ՝ խնդրին պետք է մասնագետներն անդրադառնան։
«Կան մեքենաներ, որոնք մի քանի հազար դոլարով կարող է էժան լինեն, բայց սպասարկման ծախսն ավելի թանկ է։ Հիմա այդ ընտրությունն էլ արդյունավետության հետ կապված խնդիր է, մասնագետները պետք է ասեն»,- մանրամասնեց Խաչատուր Սուքիասյանը։
Ինչ վերաբերում հնչող քննադատություններին, թե ժամանակին ինքն է ցանկացել Երևանի քաղաքապետ լինել, Խաչատուր Սուքիասյանն ասաց․՝որ ժամանակին նման առաջարկ եղել է․
«Այդպիսի զրույցներ ժամանակին եղել են, ես ասել եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, ինչո՞ւ, որովհետև ասել եմ՝ մարդիկ կան, որ աշխատում են»։
Հարցին, թե եթե հիմա առաջարկեն այդ պաշտոնը, կընդունի, պատգամավորն ասաց․ «Եթե հիմա առաջարկ լինի. հարցը մի քիչ ճիշտ չեք ուղղում. ընտրությունները լինելու են 2023 թվականին, ես նման ցանկություն չունեմ, որ պետական պաշտոն զբաղեցնեմ, ինչու, որովհետև մենք Հայաստանում կրթության հետ կապված խնդիր ունենք»,-նշեց նա։
Tert.am