«Հայաստանն այս քայլով ցանկացել է օրինակ ծառայել Ադրբեջանին». Մովսես Հակոբյանը՝ 2 ադրբեջանցի զինվորներին վերադարձնելու մասին
Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Սակայն դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
Հիշեցնենք, որ միջադեպի առանչությամբ 2-3 օր Պաշտպանության նախարարությունը լռում էր, իսկ տարբեր ոչ պաշտոնական աղբյուրներ նշում էին, որ երկու ադրբեջանցի զինծառայողները գերեվարվել են դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու ժամանակ, և ՊՆ-ն այդ մասին լռում է, քանի որ նպատակ ունի նրանց վերադարձնել Ադրբեջանին։ Այսինքն՝ ոչ պաշտոնական տեղեկատվությունը հաստատվեց, քանի որ ՊՆ-ն 2 ադրբեջանցի զինվորներին վերադարձնելուց հետո միայն այդ մասին հայտարարեց։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող, 1956 թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ: Հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ դիտավորությամբ ապօրինաբար սպանել են։ Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու ադրբեջանցիների հանցավոր գործողությունները։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով 2 ադրբեջանցի զինվորներին Ադրբեջանին վերադարձնելուն, այն դեպքում, երբ այս պահին Բաքվում պահվում են բազմաթիվ հայ ռազմագերիներ, նկատեց. «Կարծում եմ՝ Հայաստանն այս քայլով ցանկացել է օրինակ ծառայել Ադրբեջանին։ Բայց չեմ կարծում, որ այս քայլն Ադրբեջանի համար օրինակ կլինի կամ նրա կողմից կընդունվի»։
Հարցին՝ իմանալով Ադրբեջանի վարած քաղաքականությունը, ինչո՞ւ երկու ադրբեջանցի զինվորներին հայկական կողմը չփոխանակեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որովհետև տարբեր բաներ են, չգիտեմ»։
168.am