Երևանը Փաշինյանին պետք է ՀՀ նախագահ ընտրվելու, Ալենի, Լուլուի կալիբրի անձանցից կախված չլինելու համար
Երևանի ավագանին դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստի ընթացքում անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հիմք ընդունելով գաղտնի քվեարկության արդյունքները. Քվեարկությանը մասնակցել էր ավագանու 57 անդամ, որոնցից Մարությանին անվստահություն հայտնեց՝ 44, դեմ՝ 10 ավագանու անդամ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխանության նախաձեռնած Երևանի քաղաքապետի նկատմամբ անվստահության գործընթացի ու դրա եզրափակիչ փուլի մասին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ընդգծեց՝ այն, ինչ կատարվում է հիմա, շատ նման է Ռեդյարդ Քիպլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործությանը՝ հայտնի Մաուգլիին, որտեղ բոլորը «շակալների նման» հարձակվում են իրենց դիրքորոշումից այլ դիրքորոշում ունեցողի վրա։
«Հիմա բոլորը ֆաս հրահանգով հարձակվեցին ու հիշեցին, որ մեկ տարի առաջ Մարության Հայկը դուրս էր եկել «Քաղաքացիական պայմանագրից», հիմա հիշեցին, որ քաղաքում ինչ-ինչ նախագծեր է տապալել, և իբրև թե իրենք հեղափոխական արժեքները պահել են, մի հատ էլ ասում են, թե Մարության Հայկը շեղվել է այդ արժեքներից. այդպես հիշեցին շատուշատ բաներ»,- ասաց քաղտեխնոլոգը՝ մատնանշելով, սակայն, շատ ավելի խորքային պատճառներ՝ Հայկ Մարությանից ազատվելու համար։
«Իրականում իշխանությունը դրանք հիշեց հիմա, որովհետև քաղաքը հիմա է պետք Նիկոլ Փաշինյանին, որովհետև արդեն իսկ դրվել է Սահմանադրության փոփոխության հարցը, և քանի որ Հայկ Մարությանը 2021 թվականի արտահերթ ընտրություններին բացարձակապես չի օգնել իշխանություններին, հիմա նրանց պետք է մեկը, որը օգնի, որովհետև Երևան քաղաքում կենտրոնացած է Հայաստանի բնակչության կեսը։ Հայկ Մարությանից ազատվելու հիմնական պատճառն այն է, որ Փաշինյանին պետք է Երևան քաղաքը՝ Սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանի նախագահ ընտրվելու համար»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ դասական իշխանական բյուրոկրատական և ոչ հեղափոխական կուսակցություն դարձած «Քաղաքացիական պայմանագիր»-ը Սահմանադրությունը փոխելու նախապատրաստական փուլում Երևանն իր վերահսկողության տակից չկորցնելու համար հիմա ընտրել է մի անցումային ֆիգուր՝ Հրաչյա Սարգսյան, որի հետ, կարճ ժամանակ անց, ավելի վատ է վարվելու, քան Մարությանի։
«Իշխանությունների համար հիմա պարտադիր է, որ Երևանի քաղաքապետը իրենց քծնող լինի, ու ընտրել են Հրաչյա Սարգսյանին, որին, սակայն, օգտագործելու են ու շպրտեն. գուցե՝ Մարությանից մի քիչ ավելի այլ ձևերով»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով՝ դրանից հետո իշխանությունը կգնա Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների և քաղաքապետի թեկնածուներ էլ կառաջադրեն արդեն այն մարդկանց, որոնց անունները տևական ժամանակ շրջանառվում են մամուլում։
«Տիգրան Ավինյանի, Խաչատուր Սուքիասյանի մասին է գրվում, նրանց անուններն են շրջանառվում, պարզապես հիմա չգնացին ընտրության, քանի որ գիտեն, որ ընտրությունների ժամանակ չեն կարողանա կրել. հիմա հարմար է Հրաչյա Սարգսյանով այս իրավիճակային լուծումը»,- ասաց Կարեն Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Մարությանի հասցեին նախկին թիմակիցների՝ արագ-արագ տարածվող քննադատություններին ու անձնական վիրավորանքներին, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն գրառմանը, որով վերջինս Մարությանին բնորոշել էր եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդ, Կարեն Քոչարյանը՝ չցանկանալով մեկնաբանել դրանք, պարզապես հավելեց.
«Հրագի ժամանակների մանր քաղաքական գործիչներին թույլ տվեք չմեկնաբանել»։
Հայկ Մարությանին հեռացնելու գլխավոր պատճառներից մեկն էլ, ըստ Քոչարյանի, այն էր, որ լրանում է Փաշինյանին անվստահություն չհայտնելու Սահմանադրությամբ սահմանված ժամկետը՝ մեկ տարին, ժամկետի լրանալուց հետո անվստահություն հայտնել հնարավոր կլինի, իսկ ինքը այդժամ կախված է լինելու «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից, Սահմանադրության փոփոխության դեպքում դրանից էլ հնարավոր կլինի խուսափել.
«Փաշինյանը Սահմանադրություն է փոխում նախագահ դառնալու, Ալենի ու Լուլուի կալիբրի մանր գործիչներից կախված չլինելու համար. կախված լինի միայն արտաքին ուժերից»,- ասաց Քոչարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
168.am