Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ավելի քան 98 մլն դրամ հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին` պատմամշակութային ժառանգության պահպանման համար։ Այդ թվում՝ մոտ 10 մլն դրամ գումար կհատկացվի «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին` Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:

Ըստ կառավարության հիմնավորման՝ հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջության խթանմանը:

«Մենք Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների նկատմամբ առաձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որովհետև կարևորում ենք մեր ինքնության և պատմության հուշարձանների պահպանումը։ Մենք 2020 թվականից մի ծրագիր պետք է սկսեինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց, խոսքը մեր պետականությունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագիր իրականացնելու մասին է։ Բնականաբար, խոսքն այս դեպքում ամրոցների ու բերդերի մասին է։ Ցավոք, այնպես է ստացվել, որ ամրոցների ու բերդերի բավական հարուստ ժառանգություն ունենք, բայց դա բավարար չափով պահպանված ու մատչելի չէ հանրությանը։ Արենի քարանձավից գտածոն համաշխարհային պատմության համար բացառիկ գտածո է։ Եվ դա պետք է բացառիկ ուշադրության ու պահպանության արժանանա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն